19/12/2023 15:40
«Ուզում եմ՝ «Բարդակ»-ի բացումը լինի այսպես՝ Ստեփանակերտն ազատագրված է». Արցախի միակ փաբը վերաբացվել է Երևանում (Տեսանյութ)
«Եթե Արցախում եք և ուզում եք երեկոյան լավ ու հետաքրքիր ժամանակ անցկացնել, ապա ձեզ խորհուրդ կտան Ազատի մոտ կամ նույն ինքը՝ Ստեփանակերտի միակ ու անկրկնելի փաբը՝ «Բարդակ»-ը». այսպես էինք 2018-ին «Բարդակ»-ի մասին նյութ պատրաստել։
Հիմա ամեն ինչ փոխվել է. փոխվել է «Բարդակի» տեղը, կառույցը, քաղաքը, բայց մեկ բան նույնն է՝ անունն ու Արցախի հետ կապված հիշողությունները։
Երևանի Խանջյան փողոցում է հիմա «Բարդակ»-ը։ Ազատն իր առաջ նպատակ է դրել՝ պետք է ամեն ինչ անի, որ Արցախի «Բարդակ»-ից ավելի լավը լինի Հայաստանի «Բարդակը»-ը։
«Երբ արդեն տեղափոխվեցի Երևան, որոշեցի, որ պետք է մնամ այստեղ, սկզբում չէի ուզում, բայց հետո ջերմ ընդունելության շնորհիվ հասկացա, որ պետք է մնամ այստեղ։ Սկսեցի տարածք փնտրել, տարածքը գտանք, թեթև հարդարման աշխատանքներ իրականացրեցինք, որոշեցինք, որ պետք է շատ արագ բացվենք, որ աշխատենք, ես մտածում եմ, որ բլոկադայի շնորհիվ մեր աշխատունակությունը բարձրացել է, ավելի դիմացկուն ենք դարձել ու ավելի աշխատասեր, ինչն ավելի կարևոր է, մտածում եմ, որ այդ առիթը պետք չէր բաց թողնել, համալրվեցինք ու սկսկեցինք աշխատել»,- Aysor.am-ին պատմում է Ազատը։
«Բարդակ»-ն իրենից ներկայացնում է մարդկանց հուշերի, զգացողությունների, լավ օրերի հավաքածու. այսպես է կարծում Ազատը։
«Ստեփանակերտի «Բարդակ»-ում տարիների ընթացքում մարդիկ ստեղծել են այդ ջերմ մթնոլորտը, իսկ այստեղ դեռ աշխատելու տեղ ունենք, պիտի ամեն ինչ լրացվի, մթնոլորտ ստեղծվի, ներկա պահին ես պատերին նայելով ու զգալով մթնոլորտը՝ հիշում եմ «Բարդակ»-ը սկզբնական փուլում՝ ամեն ինչ դատարկ էր, պատերին գրվածք չկար, մթնոլորտ ու ջերմություն չկար, բայց հիմա օրեցօր ավելանում է ու ավելի արագ տեմպերով է ավելանում, քան՝ Ստեփանակերտում»,- նշում է նա։
Երբ տեղափոխվել են Երևան, մոտը գումար չի եղել, չէր աշխատում, իսկ մարդիկ անընդհատ գրում ու հարցնում էին՝ «Բարդակ»-ը կբացվի՞։
Արցախի «Բարդակ»-ի մեկնարկը տրվել էր չորս շիշ խմիչքով ու 50 հազար դրամով, բայց Երևանում այդպես չէր ստացվի։
«Սկսեցի գումար որոնել, անգամ պատրաստ էինք մեր մեքենան վաճառել, բայց լավ մարդիկ օգնեցին ինձ, որ «Բարդակ»-ը բացենք այնպես, ինչպես ցանկանում ենք, այսինքն՝ ոչ թե չորս շիշ խմիչքով, այլ բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Արցախում հավելյալ հնարավորություն կար՝ տարածքը իմն էր, ես աշխատեի, թե չաշխատեի՝ խնդիր չէի ունենա, իսկ այստեղ պետք է աշխատենք ու դա ավելի է պարտավորեցնում «Բարդակ»-ը սարքել ավելի լավը, քան կար»,- անկեղծանում է Ազատը։
Հիմնականում Ստեփանակերտի փաբի այցելուներն են հիմա «Բարդակ» գալիս, մեծամասնությունը տեղացիներ են։ Ստեփանակերտի երիտասարդները դեռ այդքան ակտիվ չեն. «Զանգել են, շնորհավորել են, ասել են, որ կգան, ուղղակի բոլորիս գործերը շատ են, մարդիկ չեն հասցնում։ Դռները բաց են բոլորի համար, ով էլ գա՝ ջերմ կընդունեք»։
Ազատը «Բարդակ»-ից շատ բան չի բերել, ընդամենը մի ճամպրուկ։ Որոշել էր երկրորդ օրն էլ գնար ու մի քանի բան վերցեր, բայց չգնաց. դժվար էր ընտրություն անել՝ որը վերցնի, որը թողնի։
««Բարդակ»-ից բաժանումը բաժանում չէր, հրաժեշտ էր ամեն ինչին՝ ցանկացած ծառի, թփի, շինության։ Ամեն ինչ մեռած էր, երևի դրա համար կարողացանք դիմակայել, չգժվել, որովհետև մի քիչ կոփվեցինք բլոկադայի ընթացքում, ժողովուրդը, որ սոված էր, բայց ալյուրը չէր ընդունում. որոշեցին, որ պետք է գործեն ուժով՝ ինտեգրեն ու մենք մնանք այնտեղ, իսկ մենք ասացինք՝ ամեն ինչ կանենք, միայն թե իրենց ուզածով չլինի, հրաժեշտ տվեցինք ամեն ինչին, բայց ես մտածում եմ, որ դա ժամանակավոր է, մենք դեռ հնարավորություն ունենք ամեն ինչ հետ բերելու, բայց նաև ունենք հնարավորություն կորցնելու ամեն ինչ»,- ասում է «Բարդակ»-ի սեփականատերը։
Բլոկադայի հաջորդը օրը «Բարդակ»-ը փակվեց, Ազատը մտածել է՝ կբացվեն, բայց շատ ուշ. «Անգամ չգիտեի՝ երբ բացվենք՝ մենք կաշխատե՞նք որպես փաբ, թե՞ այլևս հնարավորություն չենք ունենա ուրախանալու, գիտեի, որ կարող ենք ջախջախված լինել, բայց կբացվենք, չէի սպասում, որ ամեն ինչ կթողնենք»։
Ազատը հավատում է, որ մի օր «Բարդակ»-ն էլի Արցախում է լինելու, բայց թե ինչպես՝ չգիտի. «Հավատում եմ, բայց չգիտեմ՝ ինչպես։ Ես գիտեմ, որ դա հնարավոր է, բայց չգիտեմ՝ ինչպես։ Ուղղակի անհամբեր կսպասեմ տրված հնարավորությանը, ես չեմ ուզում, որ իմ փոխարեն վերցնեն Արցախն ու ես գնամ «Բարդակ»-ը բացեմ, ես ուզում եմ հավաքվեմ, մարտնչելով հասնեմ ու բացեմ իմ փաբի դուռը, այսինքն՝ մարդկանց լուր տարածենք, որ Ստեփանակերտն ազատագրված է, ես այդպես եմ ուզում «Բարդակ»-ի բացումը»։