19/12/2023 21:14
«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստի հոգեհանգստի արարողությունը դեկտեմբերի 21-ին է՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 76 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ «Արարատ-73»-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել այդ կապակցությամբ։
«Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 1973 թվականին Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին ակումբի հետ դարձել է արծաթե մեդալակիր։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ՝ դառնալով 67 գոլի հեղինակ։ Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ 1992 թվականից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ էր, ֆեդերացիայի առաջին նախագահը մինչև 1994 թվականը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Նիկոլայ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին»,- նշված է ուղերձում:
Տեղեկացնենք նաև, որ լեգենդար մարզիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին` 17:00-ից` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին: