19/12/2023 10:08
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամին տրվող նվիրատվությունները խիստ կրճատվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամին տրվող նվիրատվությունները խիստ կրճատվել են․ այն 6 ամիս է՝ նվիրատվության երես կա՛մ չի տեսել, կա՛մ նվիրատվությունների մասին տեղեկատվությունն այլևս չի տեղադրվում կայքում:
Հիշեցնենք, որ հիմնադրամը ներկայում ղեկավարում է իմքայլական նախկին պատգամավոր, սփյուռքի վերջին նախարար Մխիթար Հայրապետյանը։ Վերջին նվիրատվությունը, ըստ կայքի, սփյուռքից է եղել` հուլիս ամսին, իսկ նվիրատուն ՌԱԿ Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչությունն է, որը նվիրաբերել է 1 մլն 920 հազար դրամ։ Նվիրատուների մասին տվյալները ժամանակին կայքում պարբերաբար թարմացվում էին, իսկ եթե նվիրատուները ցանկանում էին անանուն մնալ, ապա գումարը հրապարակվում էր, դիմացը գրվում էր՝ անանուն:
Քանի որ Աննա Հակոբյանի օգնականների, հիմնադրամի աշխատակազմի հետ կապվել չի հաջողվում, մենք հրապարակավ հարց կուղղենք` վերջին 6 ամսում ինչ գումարներ են փոխանցվել, ովքեր են փոխանցողները, տեղեկատվությունը որոշել են չհրապարակե՞լ, թե՞ «մուծվողներն» են պակասել»։