19/12/2023 21:32
«Հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում»․ ՆԱՏՕ-ի երկրները վերլուծում են՝ ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան պարտվի․ Bloomberg-ի անդրադարձը
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն սկսել են դիտարկել Ուկրաինայի պարտության հնարավոր հետևանքները՝ երկարաժամկետ կտրվածքով։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է մտածեն, թե որքանով կարող են վստահել ռազմական օգնություն տրամադրելու մասին ԱՄՆ-ի խոստումներին, գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, որոնք զբաղված են Ուկրաինայի պարտության հնարավոր հետևանքների վերլուծությամբ։
Ըստ նրանց հայտնած տվյալների՝ Կիևի շատ եվրոպացի դաշնակիցներ կուլիսների հետևում մտահոգություն են հայտնում Ուկրաինայի պարտության հնարավոր հետևանքների և այս հակամարտությունում ՆԱՏՕ-ի վարած քաղաքականության առնչությամբ, ինչպես նաև վերանայում են պոտենցիալ սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք, նրանց կարծիքով, կարող են առաջանալ Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան սահմանին՝ Ռուսաստանի հաղթանակի դեպքում։
«ՆԱՏՕ-ի այս ռազմավարական ձախողման հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում և ավելի մեծ կլինեն, քան 2021 թվականին Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ազդեցությունն էր, քանի որ հակամարտության այսպիսի հանգուցալուծումը Վաշինգտոնի դաշնակիցներին կստիպի կասկածի տակ առնել անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն տրամադրելու մասին ԱՄՆ-ի խոստումները։ Այս կապակցությամբ եվրոպական որոշ երկրներ կարող են նույնիսկ հարաբերությունների բարելավման գնալ ՌԴ-ի և Չնաստանի հետ՝ որպես այլընտրանքային տարբերակ, եթե ամերիկացի գործընկերները չկարողանան իրենց պարտավորությունները կատարել»,- Bloomberg-ին ասել է նրա աղբյուրը։
Եվրոպացի դիվնագետներն ու պաշտոնյաները Ուկրաինայի ռազմական պարտության մեկ այլ հնարավոր հետևանք են համարում հակամարտության ձևափոխումը պարտիզանական պատերազմի, ինչը կհանգեցնի ԵՄ արևելյան սահմանին անկայունության օջախի ստեղծմանը։ Այդ տարածաշրջանում լարվածությունը զսպելու համար ԱՄՆ-ն ստիպված կլինի Եվրոպա ուղարկել ցամաքային զորքեր ու ռազմական ավիացիա, ինչն իր հերթին Սպիտակ տանը կկանգնեցնի ընտրության առջև՝ պահպանել իր ռազմական ներկայությունը Ասիայում՝ Չինաստանի հետ բախման դեպքում Թայվանի պաշտպանության համար կամ ռազմական ներուժն ուղարկել՝ ռուսական զորքերին զսպելու համար։
Եվ, վերջապես, Ուկրաինայի պարտությունը կմեծացնի փախստականների հոսքը դեպի ԵՄ, ինչն իր հերթին կմեծացնի ԵՄ երկրների սոցիալական ծառայությունների ծանրաբեռնվածությունը և կսրի ռանց այն էլ բարդ իրավիճակը՝ այդ ոլորտում։
Նշենք, որ ավելի վաղ էլ CNN-ը, վկայակոչելով արևմտյան հետախուզական ծառայություններին, հաղորդել էր, որ նրանց գնահատականներով՝ Ուկրաինան կարող է պարտության մատնվել ամռանը, եթե զրկվի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների աջակցությունից։ Արմուտքի օգնությունից զրկվելու պարագայում, ըստ տրված գնահատականի, Ուկրաինան կկարողանա ինքնուրույն դիմանալ մի քանի ամիս, իսկ ամռանը մոտ, հնարավոր է, լուրջ նահանջ ձեռնարկի ու նույնիսկ պարտության մատնվի։