19/12/2023 15:07
Ինչու՞ են թեժ գծից մերժում. բռնի տեղահանված արցախցու ընտանիքում ծնված երեխան հանդիսանու՞մ է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունների շահառու
Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակից Զինա Գասյանն ահազանգում է՝ ՀՀ կառավարության 114 թեժ գծից մերժում են բռնի տեղահանված արցախցու ընտանիքում նորածնի շահառու լինելու հանգամանքը՝ տալով «դասական» պատասխան. ծնվել է ՀՀ-ում, 100 000 դրամի աջակցության ծրագրի շահառու չի հանդիսանում։
«Բռնի տեղահանված արցախցու ընտանիքում ծնված նորածինը հանդիսանու՞մ է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունների շահառու։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը «Էպիկենտրոնին» տված հարցազրույցում հստակ նշել էր, որ ՀՀ-ում ծնված նորածնի առումով կողմնորոշիչը ծնողի աջակցությունների շահառու լինելն է։
Այս դեպքում ինչու՞ 40+10 բնակվարձի և կոմունալների համար տրամադրվող աջակցության օնլայն հարթակը հնարավորություն չի տալիս մուտքագրել համակարգ նորածնի տվյալները (ծնողների հաշվառումը ծնվելու պահին Արցախ է)։
Որոշման իրավական մասը լրացման կարիք ունի. կա՛մ նորածինն էլ պիտի դառնա 100 000 ՀՀ դրամ աջակցության ծրագրի շահառու, կա՛մ էլ համակարգը հնարավորություն պիտի տա առանձին ինտերֆեյսով (միջերես) ծնվելու պահից կցել ծնողին։
Լիահույս եմ, որ արցախցիների կողմից բարձրաձայնված այս հարցը շուտափույթ լուծում կստանա»։