20/12/2023 20:17
Կրեատինին. Ինչպե՞ս են հանձնում թեստը
Կրեատինինը նյութափոխանակության ազոտային արգասիք է, որը հանդիսանում է մկանային և մյուս հյուսվածքների էներգետիկ փոխանակությանը մասնակցող կրեատինֆոսֆատի փոխանակության վերջնական արդյունք:
Կրեատինինի արտադրությունն ընթանում է գլխավորապես մկանային հյուսվածքներում: Մկանային կծկումն ընթանում է կրեատինֆոսֆատի քայքայման արդյունքում առաջացող էներգիայի շնորհիվ, որի ընթացքում առաջանում է նաև կրեատինին:
Արյան շիճուկում կրեատինինի մակարդակը հարաբերականորեն կայուն է և կախված է արտադրության և օրգանիզմից հեռացման հավասարակշռությունից: Տղամարդկանց մոտ կրեատինինի մակարդակը քիչ ավելի բարձր է, քան կանանց մոտ, որը բացատրվում է կմախքային մկանների ավելի զարգացած լինելով:
Կրեատինինը համարվում է ոչ շեմային նյութ. նորմայում այն զտվում է երիկամների կծիկներում, որից հետո խողովակներում հետներծծման կամ սեկրեցիայի չի ենթարկվում: Այս պատճառով կրեատինինի մակարդակի բարձրացումը սովորաբար վկայում է երիկամային կծիկներում զտման կրճատման և երիկամների արտազատող ֆունկցիայի թուլացման մասին:
Արյան և մեզի կրեատինինի որոշումը կիրառվում է նաև կծիկային ֆիլտրացիայի չափը և երիկամային ֆունկցիան գնահատելու համար (Ռեբերգի փորձ):
«Կրեատինին» թեստի համար հանձնվող կենսանմուշն է երակային արյունը և մեզը։
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամը 08:00 - 11:00 սահմաններում, քաղցած վիճակում: Խորհուրդ է տրվում հետազոտվել սննդի վերջին ընդունումից ոչ շուտ, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ հետո, այս ընթացքում ընդունելով միայն ջուր: Հետազոտման նախորդ օրը խորհորդ է տրվում նաև զերծ մնալ սննդային և ֆիզիկական բեռնվածությունից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն