20/12/2023 09:36
«Հրապարակ». Իշխանությունը որոշել է ընտրությունների շեմին բարելավել պոտենցիալ ձայն բերողների սոցիալական վիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կեսօրից հետո ՔՊ վարչության փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Գևորգ Պապոյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում ընդունել են համայնքների ՔՊ-ական ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել գրեթե բոլորը, հանդիպման նպատակը համայնքի ղեկավարների աշխատավարձերի բարձրացման թեման է եղել։ Իշխանությունը որոշել է ընտրությունների շեմին բարելավել պոտենցիալ ձայն բերողների սոցիալական վիճակը:
Գրասենյակում 2 ժամից ավելի քննարկել են աշխատավարձերի բարձրացման հարցը, ասվել է, որ եթե համայնքային բյուջեն տալիս է նման հնարավորություն, ապա կարելի է բարձրացումների գնալ։ Արթիկի ղեկավար Անանիկ Ոսկանյանն առաջարկել է համայնքի ղեկավարների աշխատավարձերը գրեթե կրկնակի բարձրացնել՝ դարձնելով 800 հազար դրամ։ Կարծիքներ են հնչել նաև, որ միայն համայնքի ղեկավարներով խնդիրը չի լուծվի, պետք է նաև վարչական շրջանների ներկայացուցիչների աշխատավարձերը բարձրանան` նրանք հիմա միջինը 150 հազար դրամ են ստանում: ՔՊ-ականները համայնքապետերին խոստացել են հաշվարկել միջոցները և հասկանալ՝ ում աշխատավարձն ինչ չափով կարող են բարձրացնել»։