19/12/2023 23:29
Ես համարում եմ, որ բանակցությունները շարունակվում են․ կարող են նաև նոր շփումներ լինել ադրբեջանական կողմի հետ․ Փաշինյան
Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է, այդ թվում՝ օնլայն ձևաչափով, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի քիչ շարունակվում է այդ թվում՝ օնլայն ռեժիմով, որովհետև գիտեք՝ մենք Ադրբեջանին ենք մեր առաջարկները տալիս, հիմա սպասում ենք իրենց կողմից արձագանքին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի մեղադրանքներին, ըստ որոնց Հայաստանն ուշացնում էր «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ առաջարկների պատասխանները։
«Նրանք մեզ մեղադրում էին, որ մենք 2 ամիս պատաասխան չէինք տալիս, բայց ի՞նչն էր դրա պատճառը․ մեր առաջարկները պատրաստ էին, անընդհատ նախատեսվում էին հանդիպումներ, և ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը 4 հանդիպում իրար վրա մերժել է։ Այդ ամեն հանդիպումը այդ բանակցային փաթեթի փոխանցման մաս էր։ Բայց հիմա էլ ես համարում եմ, որ բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որովհետև հիմա եթե առերես քննարկել չհաջողվի, այդ աշխատանքն էլ է բանակցություն»,- այդ առնչությամբ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց՝ աշխատանքային մակարդակում էլ շփումներ կան։
«Կարող են նաև նոր շփումներ լինել»,- ասաց նա։