20/12/2023 22:10
«Սփյուռքի տեսլականը Հայաստանում Արցախի պետական կառույցների գործունեության շարունակումն է, որը հնարավորություն կարող է տալ դեպի Արցախ վերադարձի համար»․ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ
Դեկտեմբերի 19-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այդ մասին հայտնում են Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից։
Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի Հանրապետության պետնախարար Արթուր Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախահայության սոցիալ-տնտեսական վիճակը և այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդիրները: Սրբազան Հայրը նշեց, որ անցյալ ամիս Բուխարեստում Ռումինիայի Կրոնից նախարարության և Ռումանիոյ հայոց թեմի նախաձեռնությամբ կայացել էր ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը և արցախահայերի առջև ծառացած հումանիտար ծանր իրավիճակին։ Տաթև Սրբազանի հրավերով ժողովին մասնակցել էին Արցախի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգշ․ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, քրիստոնեական մի շարք եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք իրենց աջակությունն էին հայտնել արցախահայությանը և պատրաստակամություն մասնակցելու սոցիալական տարբեր նախաձեռնությունների։
Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրն իր խորը մտահոգությունը հայտնեց Արցախի պետական կառույցների գոյության վտանգման առիթով և կարևորեց պետական կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների գործունեության շարունակականությունը՝ որպես ստեղծված ծանր իրավիճակում համայն արցախահայությանը միավորող ուժ: Նշվեց, որ Սփյուռքի հայության տեսլականը ևս Հայաստանում Արցախի պետական կառույցների գործունեության շարունակումն է, որը հեռանկար և հնարավորություն կարող է տալ դեպի Արցախ վերադարձի համար։
Կարևորվեց, որ Արցախին հուզող հարցերին և հատկապես մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված գիտաժողովներ պետք է անցկացվեն այլ երկրներում ևս, որոնք նշանակալից քայլ կլինեն վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու և դրանց պահպանության ուղղված անհապաղ միջոցներ ձեռնարկելու գործում:
Հանդիպման ավարտին Տաթև Սրբազանը վերահաստատեց առկա խնդրիների լուծմանը նպաստելու իր պատրաստակամությունը: