20/12/2023 20:52
Իշխանությունն ուզում է, որ լինի հանրային քաոս, չլինի թեկուզ երկու մարդ, որ նույն, նման կարծիք ունենա. Կարեն Վրթանեսյան (Տեսանյութ)
«Մեդիայի նոր տեխնոլոգիաներին կատարյալ տիրապետող և իշխանությունը հիմնականում խաբեության վրա կառուցող պոպուլիստ բռնապետներին քաղաքագետ Դենիել Թրեյսմանն ու տնտեսագետ-քաղաքագետ-հասարակական գործիչ Սերգեյ Գուրիևն իրենց գրքում անվանում են spin dictators, որը ես թարգմանում եմ խաբելապետեր։ Նոր տիպի բռնապետություները գործում են հետևյալ բանաձևով՝ պոպուլիզմ, բևեռացում, հետճշմարտություն»,- «Ինչպես չխաբվել խաբելապետությանը. Մեդիաիմունիտետ» թեմայով քննարկմանն ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Պոպուլիզմի օրինակներ, իհարկե, բոլոր ժամանակներում և բոլոր տեսակի բռնապետություններում եղել են, այս դեպքում գործ ունենք բացարձակ անհիմն պոպուլիզմի հետ, երբ բռնապետը կարող է մի օր մի բան ասել, հաջորդ օրը՝ ճիշտ հակառակը։ Բևեռացումը, ըստ էության, բաժանիր, որ տիրես սկզբունքով է։ Ամբողջ դաշտը՝քաղաքական, մեդիա, փոքր խմբերի է բաժանվում և քարոզչությամբ այնպես է արվում, որ այդ խմբերն անընդհատ իրար դեմ պայքարեն։ Սոցցանցերում մարդիկ առավել հակված են համայնքներ ձևավորելու։ Ալգորիթմների շնորհիվ հայտնվում ես սոցիալական պղպջակում, թվում է՝ բոլորը քեզ նման են մտածում, բայց երբ քո պղպջակից դուրս այլ պղպջակ ես բացահայտում, բախման հավանականությունը մեծանում է։ Նոր տիպի բռնապետերը խրախուսում են բևեռացումը, անընդհատ բաժանարար գծեր են դրվում ինչպես՝ «նախկիններ-ներկաներ», «սևեր-սպիտակներ», «արցախցիներ-հայաստանցիներ», «էլիտա-ժողովուրդ»։
Եթե մի պղպջակից մյուսին ձեռք մեկնելու փորձ արվի, միանգամից բոլորը հարձակվում են, քննադատում, ինչն օգնում է իշխանությանը, որ իր հակառակորդները երբեք չմիավորվեն։
Հետճշմարտությունն այն է, որ տեղեկատվական դաշտում գոյություն ունեն իրար հակասող տասնյակ իրականություններ, փոքր խմբերը թիրախավորվում են, ամեն խմբի հետ համապատասխան իրականություն ստեղծելու աշխատանք է տարվում։ Հետճշմարտության նպատակն այն է, որ ի վերջո լինի հանրային քաոս, չլինի թեկուզ երկու մարդ, որ նույն, նման կարծիք ունենա։
Երբ դու ունես ռեսուրսներ, նախընտրելի իրականություններ ստեղծելու հարցում անպայման հաջողելու ես։ Եթե 20 րոպե Հանրային հեռուստաընկերություն դիտեք, կթվա, որ Հայաստանն աննախադեպ զարգանում է։ Շեփորահարում են նախագծեր, բայց արդյունք չկա. նպատակը մեկն է՝ ինֆորմացիոն հեղեղի մեջ կարևոր իրադարձությունները ստվերվեն, աննկատ մնան»։