20/12/2023 09:40
«Հրապարակ». Ավտոկայանատեղիների գները թանկացնելու նախագիծը տապալելու մեկ ճանապարհ կա՝ միասնական բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստը վճռորոշ է լինելու ոչ միայն այն պատճառով, որ օրակարգում մայրաքաղաքի բյուջեն է ընդգրկված, այլև աղմկահարույց մի շարք նախագծեր, այդ թվում՝ տխրահռչակ կարմիր գծերով առանձնացված ավտոկայանատեղիների գներն ավելի քան 13 անգամ թանկացնելու նախագիծը։ Եվ չնայած ավագանու ընդդիմադիր անդամների՝ այդ նախագծի վերաբերյալ քննադատություններին, այն տապալելու, չընդունելու մեկ ճանապարհ կա՝ միասնական բոյկոտը, այլապես նրանք կիսելու են ՔՊ-ի հետ պատասխանատվությունը:
Երևանի իշխանությունները՝ ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան, ինչպես հայտնի է, չունեն ձայների մեծամասնություն՝ քվորումի և նիստ գումարելու համար, ուստի եթե բոլոր մյուս ուժերը միասնական կերպով չներկայանան այդ նիստին, քվորում չի ապահովվի, և նիստը չի կայանա: Սակայն եթե ավագանու գեթ 1 ընդդիմադիր անդամ ներկա գտնվի նիստին, այն կկայանա, և կարևոր չէ՝ այդ «ընդդիմադիրը» դեմ կքվեարկի, չի քվեարկի, թե կողմ կլինի: Նա միայն իր մասնակցությամբ կօգնի, որ իշխանությունն անցկացնի այդ չարաբաստիկ փոփոխությունը և մեծ տուրք դնի երևանցիների վրա»։