20/12/2023 10:03
«Ժողովուրդ». ՆԳՆ-ն 753 հազար 150 դրամ արժողությամբ գինիներ և կոնյակներ է գնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարությունը 753 հազար 150 դրամ արժողությամբ գինիներ և կոնյակներ է գնել։ ՆԳՆ-ն ներկայացրել է տեխնիկական բնութագիր. կոնյակները եղել են 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակ (12 հատ)։ Գինիները, սակայն, «Զորահ ոսկի» պետք է լինեն և պատրաստված լինեն 50% Ոսկեհատ և 50% Գառան դմակ խաղողի տեսակներից 2 հատ։
Հաջորդ գնումը կատարվել է 10 տարի հնեցմամբ «Ախթամար» կոնյակի ձեռք բերման համար։ Ըստ տեխնիկական բնութագրի՝ կոնյակի գույնը պետք է լինի հիասքանչ սաթյա գույն, որն ունի պղնձային գունախաղ, բույրը՝ աշխույժ և նրբագեղ։ Կոնյակների քանակը 12-ն է։ Ձեռք է բերվել ևս 10 կարմիր կիսաչոր գինի՝ «Կարաս» ապրանքանիշի։ 20 տարվա հնեցմամբ 3 հատ «Նաիրի» կոնյակը ՆԳՆ-ի համար արժեցել է 105 հազար 750 դրամ։
Գնումները կատարված է մեկ անձից գնման ընթացակարգով «Ագուլիս-Մեկ» ՍՊԸ-ից։
ՀՀ հանրային իշխանությունները սովորություն են դարձրել կոնյակներ գնելը, այն էլ՝ ոչ թե արտադրողից, այլ այն կազմակերպությունից, որը վերավաճառում է խմիչքները, ինչպես, օրինակ, «Վինո-Վինո» ՍՊԸ-ի դեպքում է։ Հավելենք նաև, որ խմիչքներ գնելու դեպքում, եթե գնում կատարվեր հենց արտադրողից, գուցե ավելի էժան կլիներ նախարարության համար»։