20/12/2023 14:16
Սանկտ Պետերբուրգում շենքը փլուզվել է բնակիչների տարաբնակեցումից մեկ օր անց
Սանկտ Պետերբուրգում փլուզվել է Գորոխովայա փողոցում գտնվող վթարային շենքը, որի երկու մուտքերը փլվել են։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտարարել է, որ շենքի բնակիչների տարաբնակեցումն ավարտվել է դեկտեմբերի 19-ին, ինչը թույլ է տվել խուսափել զոհերից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Տարաբնակեցվել են նաև հարևան շենքի բնակիչները։
«Գրագետ որոշում է ընդունվել հարևան շենքի տարաբնակեցման մասին: Վտանգ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդկանց կյանքը շատ ավելի թանկ է, ուստի որոշումները մանրակրկիտ ճշտվել են: Իսկ այն, որ որոշ բնակիչներ չեն ցանկանում հեռանալ վթարային բնակարաններից, սխալ է, որովհետև եթե բառացիորեն երեկ վերջին ընտանիքը չտարաբնակեցվեր, ապա այսօր կլինեին փլուզման բոլորովին այլ արդյունքներ», - ասել է Բեգլովը։