20/12/2023 09:39
«Ժողովուրդ». Երևանի ավագանու ֆրակցիաները թեժ քննարկումներ են անում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու խմբակցությունները պատրաստվում են ավագանու տարեվերջյան կարևոր նիստին։ Ինչպես հայտնել ենք, Երեվանի նոր ձևավորված ավագանին դեկտեմբերի 26-ի նիստում քննարկելու է համայնքի 2024թ.-ի բյուջեն և զարգացման ծրագիրը: Բյուջեն և զարգացման ծրագիրը ներկայացնելու է քաղաքապետը, հաստատելու՝ ավագանին:
Ի տարբերություն խորհրդարանի, որտեղ ՔՊ-ն մեծամասնություն է և ցանկացած որոշում կայացնում է միանձնյա և առանց խոչընդոտի, ավագանիում ՔՊ-ն լուրջ խնդիրներ ունի: Բանն այն է, որ ընդդիմադիր երեք խմբակցությունները միասին ունեն 34 մանդատ, իսկ ՔՊ-ն և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը՝ 33:
Այսինքն՝ դեկտեմբերի 26-ին ամեն բան կախված է ընդդիմությունից. եթե չգնան ու չհաստատեն բյուջեն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան ՔՊ-ի համար Երևանի կառավարման հարցում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու ֆրակցիաներն այս օրերին թեժ քննարկումներ են անում, հատուկ ֆինանսական խմբեր են ձևավորել, որպեսզի ուսումնասիրեն բյուջեն ու, ըստ այդմ, որոշում կայացնեն՝ գնում են նիստին, ինչպես են քվեարկելու այդ օրը:
Առաջիկայում նաև ավագանու ֆրակցիաները նիստեր կանեն ու վերջնական որոշում կկայացնեն այս մասով: Ինչպես մեզ փոխանցեցին, ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են միասնական որոշում կայացնել ու մեկ ճակատով այդ օրը հանդես գալ: Հավելենք, որ երեկ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ Երևանի իշխանությունները՝ ՔՊ և «Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ, այդ թվում՝ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիները:
Ընդդեմ այս թանկացումների նրանք երեկ ակցիա իրականացրին: «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից հետաքրքրվել է՝ պատրաստվում են արդյոք այս թանկացումները զսպող ու ավտոկայանատեղիների համար նախատեսված վճարները կարգավորող նախագիծ բերել ավագանու նիստին։ Մեզ ասացին, որ դեռ նման քննարկում չեն ունեցել, մասնակցության և օրակարգի հետ կապված հարցերը քննարկելու են խմբակցության առաջիկա նիստին»։