21/12/2023 13:27
Հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտում է. ՌԴ դեսպանատունը` «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։
«Ցավում ենք, որ հանրապետական կարգավորողի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։
Նկատեցինք նաև, որ մեր բարեկամ Հայաստանում ռուսական լրատվամիջոցների մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու որոշումը կայացվել է այս տարվա դեկտեմբերի 14-ից ընդամենը մեկ շաբաթ անց, երբ Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով կառուցողական խորհրդակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են սերտ համագործակցել ծագած բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար։
Այս քայլը չի կարող զիջում չթվալ նրանց համար, ովքեր գնալով ավելի են հանդես գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքով դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- ասվում է հաղորդագրությունում։