21/12/2023 16:23
Ռուբեն Վարդանյանին Բաքվի առաջադրած մեղադրանքներն անհիմն են. Նուբար Աֆեյանը՝ BBC-ին
«Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում էթնիկ հայերի երեք տասնամյակ տևած կառավարմանը։ 120 հազար հայերի ճնշող մեծամասնությունը գաղթեց Հայաստան». այսպես է սկսում BBC-ի հաղորդավար Նուալա ՄըքԳովերնն իր հարցազրույցը Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ։
Ազատության փոխանցմամբ՝ հայտնի ամերիկահայ գործարարն Արցախի նախկին պետնախարար, գործարար, այժմ Ադրբեջանում բանտարկված Ռուբեն Վարդանյանի գործընկերներից է։
Հաղորդավարը նշում է, որ անցած շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, բիզնես առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ և մարդասիրական կազմակերպություններ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Ստորագրողների թվում է նաև Աֆեյանը։
Ամերիկահայ գործարարը պատասխանելով հաղորդավարի հարցին՝ հայտարարում է, որ Վարդանյանի մեղադրանքներն անհիմն են։
«Օրինակ, նրանք Ռուբեն Վարդանյանին մեղադրում են, թե նա ապօրինի կերպով մուտք է գործել Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ Ռուբենն ու միլիոնավոր այլ մարդիկ մուտք են գործել այդ անկլավ վերջին 30 տարիներին, այն անկախ, ինքնավար տարածաշրջան էր, որն իրավական տեսանկյունից չճանաչված էր, բայց, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ մուտք ու ելք են արել», - ընդգծում է Աֆեյանը:
«Մասնավորապես, նրանք խոսում են նաև ահաբեկչության ֆինանսավորման մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքին», - հարցնում է ՄըքԳովերնը: «Հավատացած եմ՝ դրանք անհիմն մեղադրանքներ են», - պատասխանում է Աֆեյանը:
Բաքուն Վարդանյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջին, երբ նա փորձում էր հատել այն: Նախկին պաշտոնյան մեղադրվում է ահաբեկչության ֆինասնավորման, զինված խմբավորումների ստեղծման, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։
BBC-ի հաղորդմանը Բաքվի տեսակետները ներկայացնում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանցի պաշտոնյան հարցազրույցի ընթացքում իր հերթին պնդում է, թե Ռուբեն Վարդանյանի ու մյուս ձերբակալվածների նկատմամբ իրավական գործընթաց է ընթանում, և նրանք պետք է կանգնեն ադրբեջանական դատարանի առջև։
Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Հաջիևը դա հերքել է։ Պնդել է, թե Ադրբեջանը որևէ ուժային գործողություն չի իրականացրել խաղաղ բնակչության դեմ, և չկա որևէ դեպք: Այն դեպքում, երբ սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով նաև խաղաղ բնակիչներ զոհվեցին, շատերը վիրավորվեցին։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր՝ Ազատություն ռ/կ կայքում։