21/12/2023 19:22
Պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը, այն բռնության սպառնալիքի ներքո է ստորագրվել․ Արտակ Բեգլարյան
Ամեն ինչ շատ հստակ է, քննարկման կարիք էլ չկա, ուղղակի պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ես չգիտեմ՝ ինչու է այս թեման այսքան ծանրանում: Ուղղակի չեղարկելու մեխանիզմների հարցն է, թե որն է ավելի նախընտրելի. կամ նախագահի նոր հրամանագրով, կամ Գերագույն դատարանի միջոցով: Իհարկե, նախագահի նոր հրամանագրով պետք է լինի, որը շատ արագ է, առանց երկարացնելու, առանց երկար ընթացակարգերի, առանց ուրիշ դերակատարներից կախված լինելու և այլն:
Նախընտրելի է, որ դա լինի մինչև հունվարի 1-ը, բայց դա իրավական առումով որևէ նշանակություն չունի, դրա նշանակությունը տեղեկատվական, քաղաքական է, որովհետև միևնույն է, սեպտեմբերի 28-ի հրամանագիրը որևէ իրավական հետևանք չի առաջացնում, որովհետև այն հակասահմանադրական է, նախագահը հանրապետությունը լուծարելու լիազորություն չունի: Երկրորդը, բռնության սպառնալիքի ներքո է դա ստորագրվել, որի մասին փաստել են և՛ նախագահը, և՛ ԱԺ-ն»,-ասել է Բեգլարյանը:
Բեգլարյանի խոսքով՝ իրավական խնդիր այստեղ չկա, բայց ընկալման և քաղաքական ուղերձի խնդիր կա, հատկապես միջազգային հանրությանը. «Պետք է ցույց տալ քաղաքական կամք և հստակ այդ ուղերձը տալ, որ մենք հունվարի 1-ից շարունակում ենք գործել: Նույնիսկ եթե չչեղարկվի, դրանից ոչինչ չի փոխվում, Արցախի պետական մարմինները շարունակում են գործել»: