21/12/2023 12:33
Նորատուսի դեպքերին հստակ գնահատական տալու համար ուսումնասիրություններ ենք կատարում. ՄԻՊ
Մենք այդ հարցի հետ կապված արդեն ուսումնասիրություն սկսել ենք, իմ հանձնարարականով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված անձանց, անդրադառնալով Նորատուսում երեկ տեղի ունեցած միջադեպին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ լսել են ձկնորսների մտահոգությունները և այս պահին դրանք ուսումնասիրում են. «Բնական է, որ բոլոր ոլորտներում էլ պետությունը հստակ պարտավորություններ ունի և կարևոր է հասկանալ, թե դրանց որ մասն է կատարվել և որը՝ չի կատարվում և երաշխավորել դրանց կատարումը։ Բայց դրա հետ կապված ուսումնասիրում ենք մյուս կտորը՝ իրավապահ մարմինների հետ կապված գործողությունները։ Ամբողջական ուսումնասիրությունից հետո հանդես ենք գալու հստակ առաջարկներով, և եթե կարիք լինի՝ տարբեր պետական մարմինների հետ կապված հստակ գնահատականներով»։
Լրագրողի այն դիտարկմանը, թե պարզաբանվե՞լ է՝ ինչու են բերետավորները մտել գյուղ և միանգամից ձերբակալել գյուղացիներին, Մանասյանը նշեց. «Մենք այս պահին լսել ենք քաղաքացիներին, մենք ընդամենը բանավոր հաղորդակցություն ենք իրականացրել պետական մարմինների հետ, բայց հստակ գնահատական տալու համար կարիք ունենք ստանալու տեղեկատվություն պետական մարմիններից։ Գրավոր ոչ մի տեղեկություն չենք ստացել»։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից Երևան-Սևան ավտոճանապարհին ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել։ Մասնավորապես, ապօրինի ձկնորսության դեմ պայքարի շրջանակներում իրավապահներն առգրավել էին ձկներ, իսկ ձկնորսությամբ զբաղվող նորատուսցիները բողոքի ակցիաներ էին իրականացրել՝ փակելով ճանապարհը։
Երևանից Գեղարքունիք բերված հատուկ ջոկատայինների, ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից ավելի քան 30 քաղաքացի էր բերման ենթարկվել։