21/12/2023 16:43
Պատրաստ ենք բիզնեսի ձեռքը բռնած անցնել լավ միջավայր ձևավորելու ճանապարհը, եկեք իրար հետ սովորենք. ՄՊՀ նախագահ
«Մրցակցային մշակույթի զարգացումը Հայաստանում» միջոցառմանը ներկայացվեց հակամենաշնորհային կոմպալենս ներդրած ընկերությունների փորձը. Տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Կոմպլաենսի ներդրումը թույլ կտա խուսափել մրցակցային խախտումներից, կավելացնի ընկերությունների բիզնես գրավչությունը, կդիտարկվի որպես մեղմացնող հանգամանք
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ տեղի է ունեցել «Մրցակցային մշակույթի զարգացումը Հայաստանում» խորագրով միջոցառում գործարար համայնքի ներկայացուցիչների համար:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում գործունեություն ծավալող հակամենաշնորհային կոմպլաենս ներդրած ընկերությունների փորձը, դրա կարևորությունն ու օգուտները ներկայացնելու նպատակով:
«Հակամենաշնորհային կոմպլաենսը մրցակցային էթիկայի և վարքագծի կանոններ են, որը հնարավորություն է տալիս բիզնեսին աշխատակիցների մոտ մրցակցային մշակույթ, մտածելակերպ ձևավորել և խուսափել մրցակցային իրավախախտումներից: Սա ժամանակակից աշխարհում բավականին արդյունավետ աշխատող գործիք է: Աշխարհն այսօր ասում է՝ եկեք կանխարգելենք, եկեք իրար հետ սովորենք: Հավատացեք, այդ խախտումների մի զգալի մասը կատարվում է չիմացության պատճառով, ուստի պատրաստ ենք բիզնեսի ձեռքը բռնած անցնել այդ ճանապարհը, որպեսզի ունենանք լավ բիզնես միջավայր, իսկ մեր ընկերությունները մրցունակ լինեն ամբողջ աշխարհում»,-իր խոսքում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցին, որն ընդունվեց 2022 թվականին:
Ուղեցույցը մշակելիս հանձնաժողովը հաշվի է առել միջազգային լավագույն փորձը, այն վերաբերելի և կիրառելի է բոլոր, այդ թվում՝ փոքր և միջին տնտեսավարողների համար: Մի շարք ընկերություններ արդեն իսկ ներդրել են այն, որոնցից երկուսի փորձը ներկայացվեց միջոցառման ընթացքում:
ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ այս հարցում հանձնաժողովն ընտրել է համոզման և ոչ հարկադրանքի ճանապարհը, ինչն ավելի արդյունավետ է: Մասնավորապես՝ բիզնեսի համար ստեղծվել են կոմպլաենսի ներդրման օրենսդրական խթաններ, այն է՝ պատասխանատվության միջոց կիրառելու դեպքերում տնտեսավարողի կողմից կոմպլաենսի ներդրումը կդիտարկվի որպես մեղմացնող հանգամանք:
Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Էլինա Մարգարյանն իր խոսքում շեշտադրել է մրցակցային մշակույթի ձևավորման և զարգացման, թափանցիկ և մրցունակ բիզնես միջավայրի առկայության կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձել իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցին՝ կարևորելով նման միջոցառումների շարունակականության ապահովումը:
Միջոցառում շրջանակում տեղի է ունեցել նաև հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն անդրադարձել է բարձրացված մի շարք հարցադրումների: