21/12/2023 20:26
Իսրայելի կոալիցիոն կառավարության մաս կազմող կուսակցությունը Նեթանյահուին վերջնագիր է ներկայացրել
Իսրայելի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Հրեական ուժ» կուսակցությունը հայտարարել է, որ դուրս կգա կոալիցիայից ու կառավարության կազմից, եթե երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դադարեցնի ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ։ Այդպիսի հայտարարություն-ուղերձ է Նեթանյահուին հղել այդ քաղաքական ուժի առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը, ով զբաղեցնում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։
«Եթե ինչ-որ մեկը մտադիր է կանգնեցնել Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները՝ նախքան ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումն ու բոլոր պատանդների վերադարձը, թող հաշվի առնի, որ «Հրեական ուժ» կուսակցությունն իր հետ չէ»,- հայտարարության հատվածն է մեջբերել Ynet հարթակը։
Իսրայելի կոալիցիոն կառավարության մաս կազմող քաղաքական ուժն այս ուղերձը Նեթանյահուին հղել է այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է ռազմական գործողությունների ժամանակավոր դադարի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների հնարավորության մասին։