21/12/2023 09:48
«Ժողովուրդ». Երևանում և մարզերում գրանցվել է ամուսնալուծությունների աճ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած թարմ տվյալների համաձայն՝ Արագածոտնի մարզում գրանցվել է ամուսնությունների ամենաբարձր շեմը. այն 1 000 բնակչի հաշվով կազմել է գրեթե 6.6%։ Հաջորդ տեղում 6.5%-ով Վայոց ձորի մարզն է, 3-րդ տեղում Կոտայքի մարզն է՝ 6.2%։
«Ժողովուրդ» օրաթերթը նույն աղբյուրից տեղեկացավ, որ ամենաշատ ամուսնալուծությունները դիտվել են Երևանում՝ 1 000 մարդու հաշվով 2.1%։ Քաղաք Երևանին հաջորդում են Լոռու և Սյունիքի մարզերը։ Հավելենք նաև՝ 2022 թվականին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 27.9, իսկ տղամարդկանցը՝ 31.4 տարի։ Այն զգալիորեն ավել է, քան 2002 թվականին, երբ կանանց ամուսնության միջին տարիքը 23.2 տարին է, իսկ 2012 թվականին համապատասխանաբար 25.3 և 28.8 տարին։ Կանանց ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն, ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքը թե՛ առաջին երեխայի ծննդյան, թե՛ ընդհանուր ծննդյան ժամանակ։
Երևույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են՝ գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներն իրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաև առկա են դեպքեր 2-րդ և այլ ամուսնությունների, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում։ Ընդգծենք ևս մի փաստ. 2020 թվականից հետո քաղաքային բնակչության շրջանում կտրուկ նվազել է պտղաբերության գործակիցը, իսկ գյուղերում՝ ավելացել։ Այս տվյալները ևս հավաքագրված են օրենքով հաստատված փաստաթղթային գրանցման դեպքում»։