21/12/2023 20:51
Ռուսաստանում ցանկանում են, որ օտարերկրյա դիտորդները հետևեն նախագահական ընտրություններին
Ռուսաստանը շահագրգռված է, որ նախագահական ընտրություններում օտարերկրյա դիտորդներ լինեն, Դաշնային խորհուրդը և Պետդուման այժմ հրավերներ են պատրաստում՝ ուղղված տարբեր երկրների խորհրդարաններին և միջխորհրդարանական կազմակերպություններին, հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ աշնանային նստաշրջանի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ։
«Մենք շահագրգռված ենք, որ օտարերկրյա դիտորդները հետևեն Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններին»,- ասել է Մատվիենկոն՝ հավելելով, որ հրավերներ ուղարկվում են նաև Ռուսաստանի բարեկամ երկրներին։
«Իսկ դրանք, հավատացեք, շատ են»,- նշել է նա։
Բացի այդ, ինչպես ասել է Դաշնային խորհրդի նախագահը, Ռուսաստանը շահագրգռված է «առաջիկա ընտրությունների ադեկվատ գնահատմամբ» իր հիմնական գործընկերների՝ ԱՊՀ երկրների կողմից։ Հրավեր ուղարկվելու է նաև ՀԱՊԿ ԽՎ-ին։
Մատվիենկոյի խոսքով՝ ընտրությունները դիտարկելու հնարավորություն կունենան բոլոր նրանք, ովքեր Ռուսաստան կգան «մաքուր մտքերով»։ Դաշնային խորհրդի նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանի ընտրական համակարգն աշխարհում ամենակատարելագործվածներից է։
«Այն թափանցիկ է, ազնիվ է, և մենք ոչինչ չունենք թաքցնելու»,- ասել է Մատվիենկոն։