21/12/2023 21:10
Միայնակ հայի գոյամարտ քաղաքակիրթ հասարակության անտարբերության օվկիանոսում. Իտալիայում խոսել են Արցախում ադրբեջանցիների վայրագություններից
Իտալիայի Կալաբրիա քաղաքի Università degli Studi Mediterranea համալսարանում դեկտեմբերի 20-ին կայացել է «Արցախում տեղի ունեցած վայրագությունները» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցել է ՀՀ-ից իրավագիտության պրոֆեսոր Լիլիթ Գևորգյանը։
Քննարկմանը, որին 200 մասնակից է ներկա եղել, այդ թվում իրավաբան-պրոֆեսորներներ Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Գևորգյանը պատմել է, որ Արցախի ժողովուրդը 1990-ականներին օրինական կերպով ընտրել է Ադրբեջանից առանձին ապրելու ճանապարհը, քանի որ յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք:
«Ինքնորոշումը ժամանակակից միջազգային իրավունքի հիմնական սկզբունքն է, որը սովորաբար հայտնի է որպես «jus cogens» կանոն: Իրավունքի ուժով ցանկացած ժողովուրդ ազատորեն որոշում է իր քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ է լինում իր զարգացմանը», - ասել է նա։
Լիլիթ Գևորգյանը ներկայացրել է 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված դաժանությունները, խոշտանգումները։ Նա նշել է, որ այժմ պատմական Արցախն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Հայկական Արցախի ժողովրդի բնաջնջման փաստերը ներկայացնելուց հետո, ուզում եմ հարցնել ձեզ՝ ի՞նչ իրավական գնահատական կարող եք տալ, հարգելի պրոֆեսորներ», - հարց է ուղղել Գևորգյանը։
Արգենտինացի պրոֆեսսոր Լուի Վիլլալբան նշել է. «Սա դաժան պատերազմ է եղել, ավելի դաժան, քան մենք լսում ենք մեդիայում»։
«Սա պատերազմ չի եղել, այլ միայնակ հայի գոյամարտ քաղաքակիրթ հասարակության անտարբերության օվկիանոսում», - արձագանքել է Գևորգյանը։