21/12/2023 14:34
Նորատուսցին Գորիսում սիգ է վաճառել. ոստիկանները կանխել են (Տեսանյութ)
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային տեսուչները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ իրականացրած շրջագայության ընթացքում Գորիսի Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում նկատել են, որ «ՎԱԶ-21093» մակնիշի մեքենայում ձուկ են վաճառում: Հայտնաբերվել է 31 սիգ` ընդհանուր մոտ 10 կիլոգրամ:
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Գավառում` վերավաճառելու նպատակով:
Ձկներն առգրավվել են: Դրանցից երեքն ուղարկվել են փորձաքննության, մնացածը փաթեթավորվել, կնքվել ու տեղավորվել են սառնարանում:
«Կրկին հորդորում ենք` զերծ մնալ սիգ ձկան որսից ու վաճառքից: Ձվադրման այս շրջանում սիգի որսն արգելված է, և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նման զանցանքների համար նախատեսված են տուգանքներ: Սակայն նպատակը պատժելը չէ, այլ այն, որ ձկնատեսակը բնականոն վերարտադրվի, այլ կերպ ասած` որ վաղն էլ Սևանում որսալու ձուկ լինի»,- ասվում է հաղորդագրությունում։