22/12/2023 12:00
ՌԴ-ն ու ՀՀ-ն համատեղ նախագծեր իրականացնելու մեծ փորձ ունեն, որը հետագայում կարող են զարգացնել․ ՌԴ առողջապահության նախարար
«Ռուս-հայկական առողջապահական 8-րդ համաժողովը»` Մոսկվայում։
Երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված ամենամյա համաժողովն այս տարի անցկացվել է Մոսկվայի «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում»` նվիրված վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական բուժման արդի հարցերին:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, բժիշկ-մասնագետներ, ովքեր հանդես են եկել վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական օգնության թեմայով զեկույցներով:
«Առողջապահության ոլորտում համատեղ համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և նպաստում է համագործակցության ամրապնդմանը` ոչ միայն մասնագիտական, փորձի փոխանակման մակարդակով, այլ նաև հիմք է երկկողմ ամուր կապերի և հարաբերությունների հետագա խորացման համար»,-իր ելույթում նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր ելույթում նշել է, որ ամենամյա ռուս-հայկական համաժողովը հրահանգ է բժշկական կազմակերպություններին կենտրոնանալու որոշակի խնդիրների վրա. «Վնասվածքների բուժման հետ կապված բժշկական օգնությունը պահանջում է նորարարական մոտեցումներ և վերականգնողական միջոցառումներ: Այսօր այդ ոլորտը զարգանում է ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ` Հայաստանում: Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ նախագծեր իրականացնելու մեծ փորձ ունեն, որը հետագայում կարող են զարգացնել»:
Համաժողովի շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և ՌԴ առողջապահության նախարարության «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի» միջև:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համաձայնագրի կնքումը կարևոր քայլ է, և բժշկական կենտրոնների փոխշահավետ համագործակցությունը ապագայում շոշափելի արդյունքներ կտա: