22/12/2023 10:46
ՀՀ-ն միանալով Հռոմի ստատուտին՝ ոչ մի առավելություն չի ստանա. ՌԴ դեսպան
Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանն առավելություն չի տա հանրապետությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը մանրամասնել է․ «Ռուսական դիրքորոշումը, ինչպես նախկինում, հետևյալն է՝ Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, առաջին հերթին, չի տա այն օգուտները, որոնց մասին խոսում են այստեղ որոշ քաղաքական գործիչներ, մեզ համար ակնհայտ է, որ ՄՔԴ-ն իր քաղաքականացված որոշումներով լիովին վարկաբեկել է իրեն։ Ընդ որում, այս քայլը, մեր կարծիքով, չի համապատասխանում մեր երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթին, ինչի մասին մենք ասել ենք հայկական կողմին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը քվեարկեց Հռոմի կանոնադրության վավերացման օգտին։ Մոսկվան այս քայլն անվանել է բացարձակապես ոչ բարեկամական։
Իր հերթին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երևանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը։ Նա նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացման հարցը ոչ մի կերպ ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ և սկսվել է դեռևս ՄՔԴ-ի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերից առաջ։