22/12/2023 12:32
ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը
Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, Լեռնային Ղարաբաղի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր եւ վարկեր) ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը (մայր գումարի եւ տոկոսավճարների մարումները) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ անհնար է դարձել»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց՝ նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների եւ բանկերի վարկանիշների էական վատթարացում, ֆինանսական ցուցանիշների վատթարացման արդյունքում վարկավորման տեմպերի անկում, հետևաբար, տնտեսական ակտիվության նվազում և Լեռնային Ղարաբաղի բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում՝ ստեղծված սոցիալական ծանր պայմաններում:
«Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջև, համապատասխանաբար, 70% եւ 30% համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70% չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը: Ընդ որում, նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը»,-ասաց նախարարը:
Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային հետեւանքներ (եկամտի եւ շահույթի ավելացումներ եւ նվազեցումներ) չի առաջացնի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար:
«Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը: Սրա հետևանքով վերակառուցվում է, այսինքն՝ զիջվում է պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը կառավարությանը: Դրա փոխարեն բանկային համակարգը կստանա պետական գանձապետական պարտատոմսեր: Մենք մեղմում ենք այն ռիսկը, որ բանկերն այլ պայմաններում պետք է կրեին, քանի որ ԼՂ կառավարությունը կամ այն տնտեսվարող սուբյեկտները, ում նկատմամբ կային պահանջներ, այլևս չեն կարողանալու այդ պահանջները սպասարկել»,- եզրափակեց Հովհաննիսյանը: