22/12/2023 10:41
Քննարկվում են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագրի վրա․ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով, կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն իրականացված են, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում․ «Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր»,-ասել է նա։
«Որոշ առանձին պայմանագրերի մասով իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Որոշ տվյալներով` խոսքը 400 միլիոն դոլարի մասին է։
Վերջերս էլ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։