22/12/2023 15:15
Խորհրդարանում ներկայացվել են «Փրկություն» կենտրոնի սաների՝ Ամանորի խորհրդին համահունչ աշխատանքները
Ազգային ժողովի հյուրընկալ պատերի ներքո մշտապես ներկայացվում են ինչպես հայտնի ստեղծագործողների, այնպես էլ երիտասարդների գործերը: Այս անգամ հերթը «Փրկություն» մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի ու առօրյա զբաղվածության կենտրոնի սաներինն էր: Ներկայացված ձեռքի աշխատանքները պատրաստված էին ամանորյա տրամադրությամբ եւ գույներով, հայտնում են ԱԺ լրատվականից:
Դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ նախագահը զրուցել է կենտրոնի սաների հետ, ծանոթացել նրանց ձեռքի աշխատանքներին: Անմիջական եւ ջերմ զրույցի ավարտին Ալեն Սիմոնյանը շնորհավորել է երիտասարդներին գալիք Ամանորի կապակցությամբ:
Այսպիսի միջոցառումներ պետք է առավել հաճախ կազմակերպվեն, դա կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակությանը լիարժեք ինտեգրմանը. նման համոզմունք են հայտնել ցուցահանդեսի մասնակիցները:
Կենտրոնը գործում է 20 տարուց ավելի: Շահառուներին հարազատներից չօտարելու եւ ընտանիքի անդամների առօրյա հոգսերը հեշտացնելու նպատակով իրականացվում է հատուկ կարիքներ ունեցող անձանց ցերեկային խնամք:
Կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանի խոսքով նման նախաձեռնությունները կարեւոր են, նպաստում են երիտասարդների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու կատարելագործմանը:
Ցուցադրված ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված հասույթի 50 տոկոսը կուղղվի հեղինակներին, իսկ մյուս մասը՝ նախաձեռնությանը՝ նյութեր ձեռք բերելու նպատակով: