22/12/2023 19:40
Դաշտից գողացել են ոչխարի ամբողջ հոտը, 2 օր անց գառներին վերադարձրել են տիրոջը
Դեկտեմբերի 15-ին 54-ամյա մի տղամարդ ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել, որ չորս օր առաջ՝ լույս 12-ի գիշերը, Արայի գյուղի դաշտից գողացել են իր 158 ոչխարները:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արագածոտնի մարզի Շենկանի և Ալագյազ գյուղերի երեք բնակիչ:
Հաղորդում ստանալու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 16-ի առավոտյան, գողություն կատարելու կասկածանքով Շենկանի գյուղի իր տանը ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց 43-ամյա տղամարդը։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողանալուց հետո տղամարդիկ ոչխարները տեղափոխել էին Եղիպատրուշ գյուղի մի բնակչի գոմ, որտեղից էլ 35 գառ Կայք գյուղի մի բնակչի բեռնատարով տարել էին Կանիաշիր գյուղ։ Երկու օր անց, սակայն, ըստ նախնական տեղեկության՝ զղջալով արարքի համար, 43-ամյա տղամարդը գառները վերադարձրել է տիրոջը։
Բացատրական աշխատանքի արդյունքում Եղիպատրուշ գյուղի 41-ամյա բնակիչը ներկայացել է Ապարանի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին՝ Ալագյազ գյուղի 35 և 36 տարեկան երկու բնակչին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: