22/12/2023 12:14
Կա՛մ չեն պատկերացնում, կա՛մ էլ միտումնավոր տանում են ոլորտի փակման․ ձկնարդյունաբերողները պահանջում են վարչապետի կամ փոխվարչապետի հետ հանդիպում
Ձկնարդյունաբերողները քայլերթով հասան Հանրապետության հրապարակ, նրանք պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց, որ արագ որոշում է ընդունվել, և հունվարի 1-ից պարտադրում են, որ ձկնաբույծները ստորգետնյա հորատանցքերից օգտագործվող ջրի համար ներդնեն փակ, խնայող համակարգեր։
«Հապճեպ որոշում են կայացրել, անգամ ձկնաբույծների հետ քննարկում չձեռնարկեցին, հետո էլ հանդիպումներին բարձրացված հարցերին լուծում չտրվեցին։ Այս մարդիկ վարկեր են վերցրել, գյուղատնտեսության մեջ միակ ճյուղն է, որ աճ է գրանցում և արտահանմանը միտված ոլորտ է»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ եթե իշխանությունները 1000 ապօրինի ու տիրազուրկ հորերի կորուստների հարցը լուծեն, ջրի խնայողություն կլինի։ «ՀՀ-ում 70 տոկոս ջրի կորուստ կա և չեն կարողանում կրճատել։ Եթե անգամ ձկնաբույծները այս պահանջը կատարեն և ջուրը կրճատեն, խնդիրը, միևնույն է, չի լուծվելու»,-ասաց նա և հավելեց, որ դրանով ծախսերը կմոտենան ինքնարժեքին և այլևս նրանց ապրանքը մրցունակ չի լինի։
«Կա՛մ չեն պատկերացնում՝ ինչ է կատարվում ոլորտում, կա՛մ էլ միտումնավոր տանում են նրան, որ ոլորտը փակվի, երրորդ տարբերակ գոյություն չունի»,-ասաց պատգամավորը։