22/12/2023 09:37
«Հրապարակ». Առողջապահության նախարարությունում սպասում են, որ Փաշինյանը կհեռացնի նախարարին
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունում սպասողական տրամադրություններ են, կոլեկտիվում ոմանք ակնկալում են, որ Փաշինյանը նախարարություն այցից, հաշվետվությունը լսելուց հետո եզրակացություններ կանի և կհեռացնի նախարարին:
Նախօրեին Փաշինյանն այցելել էր նախարարություն` 2023թ. գործունեության հաշվետվությունը լսելու: Այցին ընդառաջ ավելի քան մեկ ամիս նախարարությունում վերանորոգման բուռն աշխատանքներ են ընթացել, բոլորն աշխատել են գերլարված մթնոլորտում, հաշվետվություններ կազմել և այլն: Աշխատակազմում կարծում են, որ անգամ Փաշինյանի նման ոչ կոմպետենտ ղեկավարն այդ այցից պետք է հասկանար, որ Ավանեսյանը խեղաթյուրում է իրականությունը: Եվ դա հարցուպատասխանի ընթացքում էլ է երևացել։ Փաշինյանը հետաքրքրվել է, թե պետպատվերի համակարգում ինչ փոփոխություններ կան:
«Նախկինում այդ պրակտիկան ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ: Հիմա այդ պրակտիկան դո՞ւրս է եկել, այսինքն՝ օֆերտայի տրամաբանությա՞մբ են գումարները բաշխվում, և բուժառուի հետևի՞ց են գնում: Հիմա դա ամբողջությամբ այդպե՞ս է»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան է տվել և հավելել, որ այժմ գումարները գնում են բուժառուի հետևից: Մինչդեռ շարքային քաղաքացիներիս անգամ հայտնի է, որ պետպատվերի ոլորտում օֆերտա չի գործում, ու կա իքս չափի լիմիտ, և անգամ օնկոհիվանդները հաճախ չեն կարողանում օգվել պետպատվերից, քանի որ հիվանդանոցներում տեղեկացնում են, որ պետպատվերի լիմիտը սպառված է»։