23/12/2023 18:39
Փաշինյանին գահընկեց անելը համազգային համախմբման խնդիր է․ ՀՀԿ-ն չունի առաջինը լինելու ամբիցիա, բայց կոնսենսուսի դեպքում պատրաստ է իր ուսերին նոր ծանրություն վերցնել․ Արմեն Աշոտյան
«Առավոտ»-ը հաղորդում է, որ ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Ֆեսբուքի» ուղիղ եթերով ներկայացրել է կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ուղղված հարցերի պատասխանները։
Քաղաքացի Կարինե Մարտիրոսյանը հարցրել էր․ «Նիկոլը ասուլիսի ժամանակ ասաց, որ (միտքը) իսկ ո՞վ է ասում, որ Արցախը ազատագրելը 1991-94 թվականներին ճիշտ էր, ՄԱԿ-ը եւ ամբողջ աշխարհն Արցախը Ադրբեջանի կազմում են ճանաչել, դրա համար այս խնդրի առաջ ենք կանգնել։ Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ»։
Ի պատասխան Արմեն Աշոտյանն ասել է․ «Նիկոլը պատկանում է այն մարդկանց տեսակին, որոնք ի սկզբանե արցախուրաց էին եւ արցախատյաց, որոնց համար կյանքի իմաստը «փորը կուշտ, տակը չոր» սկզբունքն է։ Արցախյան շարժումն իր սրտով չէր մինչեւ վարչապետ դառնալը եւս, բավարար է ընթերցեք իր հոդվածները։ Վարչապետի պաշտոնում իր հակաարցախյան կեցվածքը եւս մեկ շարժառիթ ունի․ նա փորձում է իր վրայից մաքրել դավաճանի, կապիտուլյանտի, ազգակործան պատուհասի խարանը՝ դիմելով ամենամեծ եւ անբարո ստերին։ Իրականում Արցախյան հարցով ամբողջ գործընթացը մեզ տանում էր հայկական Արցախի շարունակական գոյությանը, այդ թվում միջազգային գնահատականներով եւ մոտեցումներով։ Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ իմ՝ Արցախի հարցով Նիկոլի ստերը հաստատող հոդվածներում։ Դեռևս կայսր Նապոլեոնն էր ասում, որ մի ձախողակը բավական է պետությունը քանդելու համար։ Հայաստանը Ֆրանսիայի լեգենդար գործչի ասածի ապացույցը դարձավ»։
Օգտատեր Ռոլանդ Թամրազյանը հարցրել է՝ ՀՀԿ-ն ե՞րբ է կոնկրետ գործողությունների դիմելու։
Ըստ Աշոտյանի՝ ՀՀԿ-ն լիարժեք մասնակցել և աջակցել է Նիկոլին հեռացնելու նախորդ բոլոր հիմնական փորձերին։ «Մեր երկիրն այպիսի վիճակում է, որ ոչ մի առանձին ուժ իշխանափոխություն իրականացնել չի կարող, եւ Փաշինյանին գահընկեց անելը ոչ թե որեւէ առանձին վերցրած կուսակցության, այլ համազգային համախմբման խնդիր է։ ՀՀԿ-ն չունի առաջինը լինելու ամբիցիա, բայց այդպիսի որոշման դեպքում, այդպիսի լայն քաղաքական եւ հանրային կոնսենսուսի դեպքում պատրաստ է իր ուսերին նոր ծանրություն վերցնել։ Այս օրինակը ուզում եմ կրկին բերել. անշուշտ, կարեւոր է, թե ով է առաջին ջութակը, բայց ավելի կարեւոր է, որ ամբողջ նվագախումբը ֆալշ չնվագի»,- նշել է Աշոտյանը։
Նարեկ Մեսրոպյանի հարցին՝ «եթե հաջողվի եւ գաք իշխանության, Նիկոլը եւ մեղավորները պատասխան կտա՞ն, կկալանավորվե՞ն», Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Այս թեմայով մի առանձին հոդված եմ դրել, որից քարավան քարոզիչները ընկան նոպայի մեջ։ Եթե կարճ, ապա ՔՊ-ի գործունեությունը պիտի արգելվի՝ որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող, ռացիոնալ մեխանիզմ։ Օրինակ՝ «ճշմարտության հանձնաժողով», նախկին բարձրաստիճան ՔՊ-ականներին պետք է արգելել զբաղեցնել պետական պաշտոն եւ զբաղվել քաղաքականությամբ։ Ինչ վերաբերվում է մեղավորներին պատժելուն, ապա սա միանշանակ է։ Պարզապես մեղավորներին պատժելը պետք է լինի ոչ թե վրեժխնդրություն, այլ թափանցիկ եւ կասկած չառաջացնող արդարությամբ։ Միայն այդպես կարելի է պատռել բաժանարար գծերի, ատելության, պառակտվածության արատավոր շղթան»։