23/12/2023 19:54
Քանի՞ միլիոն մարդ է մահացել աշխարհում Քովիդից և ինչու՞ է ԱՀԿ-ն հայտարարել կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի մասին
COVID-19-ով հիվանդացության դեպքերն աշխարհում ավելացել են 52 տոկոսով, այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Նշվում է, որ 28 օրվա կտրվածքով՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կորոնավիրուսի նոր դեպքերն ամբողջ աշխարհում 52 տոկոսով ավելին են եղել, COVID-19-ով հիվանդացության 850 000 նոր դեպք է գրանցվել։
Այս ընթացքում, ըստ ԱՀԿ տեղեկագրի, 3 000 մահ է գրանցվել, ինչը 8 տոկոսով ավելի քիչ է նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ հոսպիտալացվածները 118 000-ն են, ինչը 23 տոկոսով ավելին է, քան նախորդ 28 օրերին։
Ինչ վերաբերում է ընդհանուր ցուցանիշներին, ապա համավարակի բռնկումից ի վեր, 2023 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (հաստատված) հասել է 772 միլիոնի, այս ընթացքում 7 միլիոն մարդ է մահացել հիվանդությունից։
Հատկանշական է, որ մայիսին ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել էր, որ Քովիդից ամբողջ աշխարհում մահացածներն իրականում 20 միլիոն են։