25/12/2023 23:20
Օտոռեա. Ինչպես է արտահայտվում և երբ է պետք դիմել ականջաբանի
Ականջի լսողական անցից դուրս եկող հեղուկ կամ պինդ նյութը պարզապես ականջի ծծումբ է, որը համարվում է նորմալ երևույթ:
Սակայն, ականջից արտադրությունը կարող է լինել նաև ականջի որևէ հիվանդության կամ վնասվածքի արդյունք, ուստի նման դեպք հայտնաբերելիս, երբ ականջից հեղուկ արտադրությունը մի քանի օրվա ընթացքում չի անհետանում, պետք է դիմել ականջաբանի:
Ականջից հեղուկ արտադրությունը, որը կոչվում է նաև օտոռեա, սովորաբար արտաքին անցուղուց դուրս եկող ծծումբն է: Այս երևույթն ունի կարևոր պաշտպանական նշանակություն, քանի որ թույլ չի տալիս, որ փոշին, կեղտը և բակտերիաները տարածվեն ականջի ավելի խորքն ընկած հատվածներ, որտեղ կարող են առաջացնել ականջի վարակ:
Ականջից կարող է դուրս գալ նաև ականջի ճարպային և ծծմբային գեղձերի արտադրուկի և վերնամաշկի եղջերացած թեփուկների միաձուլված խառնուրդ:
Սակայն երբեմն թմբկաթաղանթից ներս՝ միջին ականջում կարող է կուտակվել կպչուն հեղուկ՝ ականջի սոսինձ: Այս խտացած լորձային արտադրուկը կարող է հանգեցնել միջին ականջի վարակային բորբոքման՝ միջին օտիտի, որը շատ տարածված է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում և կարող է ուղեկցվել լսողության խանգարմամբ:
Ականջից հեղուկ արտադրությունը սովորաբար ինքնուրույն անհետանում է:
Պետք է անհապաղ դիմել բուժօգնության, եթե՝
հեղուկը ոչ թե թափանցիկ է, այլ՝ սպիտակ, դեղին կամ պարունակում է արյուն,
ականջից արտադրությունն առկա է ավելի քան 5 օր,
կան այլ գանգատներ՝ ջերմություն և ուժեղ ականջացավ,
ականջն այտուցված կամ կարմրած է,
տվյալ ականջում կա լսողության կորուստ,
գանգատների պատճառը վնասվածքն է։
Ականջում հեղուկ արտադրուկի ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են՝
թմբկաթաղանթի պատռում, երբ արյունը կամ այլ հեղուկներ հոսում են դեպի դուրս,
ականջի վնասվածք, երբ լսողական անցուղին վնասվում է որևէ առարկայով, մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունից կամ խիստ բարձր ձայնից,
մաստոիդիտ, երբ ականջի ետևի ելունը ենթարկվում է վարակային բորբոքման։
Կրծքով կերակրվող նորածինների մոտ ականջի վարակների հավանականությունը նվազում է: Եթե կրծքով կերակրող մայր եք, փորձեք խուսափել այնպիսի իրավիճակից, երբ կաթը հոսում է երեխայի ականջի մեջ: Համոզվեք, որ ձեր բալիկին կերակրում եք ոչ թե մեջքի վրա հորիզոնական գրկած վիճակում, այլ՝ ուղղահայաց և գլխի ավելի բարձր դիրքով:
Ավազանում կամ գետում լողալուց հետո անպայման չորացրեք ականջները կամ, եթե հաճախակի եք լողում, կրեք ականջները ջրից պաշտպանող միջոցներ:
Խնդրի բուժումը կախված է պատճառից: Ականջի վարակները սովորաբար ինքնուրույն անցնում են մի քանի օրվա ընթացքում, հակաբիոտիկների կարիք չի լինում: Սովորաբար բժիշկները առաջին 48 ժամվա համար նշանակում են սովորական ցավազրկողներ, ու եթե 48 ժամվա ընթացքում ախտանիշները չեն բարելավվում, նոր միայն ավելացնում որևէ հակաբիոտիկ: Այնուամենայնիվ, մինչև 6 ամսական երեխաներին, հատկապես ջերմության պայմաններում, հակամանրէային դեղերը կարող են նշանակվել նաև առանց երկու օր սպասելու:
Բարդություններից խուսափելու համար փորձեք ախտահարված ականջը պահել հնարավորինս չոր: Եթե կա ականջի վարակ, պետք է խուսափել լողալուց և լողավազան այցելելուց:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն