25/12/2023 19:10
Ո՞ր օրգանները հետազոտելու համար է կիրառվում ՄՌՏ սքանավորումը
Մագնիսա-ռեզոնանսային պատկերումը կամ տոմոգրաֆիան (ՄՌՏ) գործիքային ախտորոշման ժամանակակից մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ ներքին օրգանների մանրակրկիտ պատկերները:
ՄՌՏ-ն խիստ օգտակար է տարբեր տեղակայման ուռուցքների (այդ թվում՝ քաղցկեղների), ողնաշարի և հոդերի վնասվածքների կամ հիվանդությունների, ինչպես նաև այնպիսի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման համար, ինչպիսիք են ուղեղը կամ սիրտը: Այն կարող է հայտնաբերել զարկերակների և երակների խնդիրները՝ առանց վիրահատական միջամտության: ՄՌՏ-ն օգտակար է նաև բժշկության որոշ ոլորտներում բուժման մեթոդն ընտրելիս և կազմակերպելիս:
ՄՌՏ-ն օգտագործում է ուժեղ մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ, որ գեներացնի մարմնից ստացված ազդանշանները, որոնք ընդունվում են ռադիոընդունիչի կողմից և համակարգչային ծրագրերի միջոցով արտածում ներքին օրգանների պատկերը:
ՄՌՏ սքանավորման առավելություններն են՝
պատկերների մանրակրկիտություն,
ռենտգենյան ճառագայթման բացակայություն,
ցավերի բացակայություն:
ՄՌՏ սքանավորումը կարելի է օգտագործել հետևյալ օրգանները հետազոտելիս ՝
գլխուղեղ և ողնաշար,
ոսկրեր և հոդեր,
կրծքագեղձեր,
սիրտ և արյունատար անոթներ,
ներքին օրգաններ, օրինակ՝ լյարդ, արգանդ, շագանակագեղձ:
ՄՌՏ-ն սովորաբար նշանակվում է ներքոնշյալ դեպքերում՝
ուռուցքներ (ներառյալ՝ քաղցկեղներ),
հոդերի վնասվածքներ կամ հիվանդություններ,
փափուկ հյուսվածքների վնասվածքներ,
ներքին օրգանների ախտահարումներ:
Թեև ՄՌՏ սքանավորումը համարվում է հղիության համար անվտանգ հետազոտություն, այնուամենայնիվ արժի այս թեմայով զրուցել հետազոտող բժշկի հետ:
ՄՌՏ սքանավորման ժամանակ հետազոտվողը որոշ ժամանակ (ավելի քան 10 րոպե, որոշ դեպքերում՝ 1-2 ժամ) պետք է գտնվի սահմանափակ տարածքում, որը որոշ մարդկանց և հատկապես երեխաների համար կարող է դառնալ լուրջ խնդիր:
Սրտի արհեստական ռիթմավարով, օրգանիզմում մետաղական կոնստրուկցիաներով կամ իմպլանտներով մարդիկ չեն կարող անցնել ՄՌՏ հետազոտություն, քանի որ վերոնշյալ սարքերը մագնիսական դաշտերի ազդեցությամբ կարող են առաջացնել լուրջ խնդիրներ:
ՄՌՏ հետազոտությունից առաջ՝
կարող են ներարկել կոնտրաստային նյութ (ներքին օրգանների ավելի մանրակրկիտ պատկերներ ստանալու համար),
պետք է անպայման տեղեկացնել բժշկին, եթե մարմնում կան մետաղական կոնստրուկցիաներ կամ իմպլանտներ,
մինչև հետազոտման սենյակ մտնելը անհրաժեշտ է մարմնի վրայից հեռացնել մետաղական և արդուզարդի բոլոր առարկաները,
եթե հետազոտությունն անցնողը հղի է, ունի երիկամային որևէ խնդիր կամ կասկածներ, որ փակ տարածության մեջ մնալը կարող է խնդիրներ առաջացնել, ապա պետք է այդ թեմայով զրուցել հետազոտող բժշկի հետ և գտնել այլընտրանքային տարբերակներ:
ՄՌՏ հետազոտության ընթացքում՝
հետազոտող անձնակազմը կարող է գտնվել հարևան սենյակում, անհրաժեշտության դեպքում բարձրախոսով խոսել հետազոտվող անձի հետ,
երեխաներին հավանաբար անհրաժեշտ կլինի ներարկել ընդհանուր անզգայացնող դեղեր, որ ապահովվի նրանց անշարժ դիրքը:
ՄՌՏ սքանավորուման հետ կապված կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տվյալներ չկան, բայցառությամբ այն դեպքերի, երբ հետազոտվողի մարմնում կան մետաղական կոնստրուկցիաներ կամ իմպլանտներ:
Երբ ՄՌՏ-ն կատարվում է կոնտրաստային նյութի ներարկմամբ, կարող են ի հայտ գալ վերջինիս հետ կապված կողմնակի ազդեցություններ (ալերգիկ ռեակցիա, երիկամների գործունեության վատացում և այլն):
Եթե որևէ պատճառով ՄՌՏ սքանավորում չի կարող իրականացվել, որոշակի վերապահումներով այս հետազոտության փոխարեն կարող են անցկացվել ռենտգեն հետազոտություն, CT սքանավորում կամ գերձայնային հետազոտություններ (սոնոգրաֆիա):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն