25/12/2023 18:34
Բաքուն տարանջատում է սահմանազատման-սահմանագծման հարցը, որ հաջորդիվ լեգիտիմացնի Հայաստանի նկատմամբ ռազմական ուժը. Ստեփան Դանիելյան
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օրեր առաջ հայտարարել է՝ սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումներից։ Այս հայտարարությանն ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ Հայաստանը կարող է դիտարկել այն գործելաոճը, ըստ որի՝ սահմանների սահմանազատումը կարելի է իրականացնել «խաղաղության պայմանագրից» զատ, քանի որ ժամանակային առումով այդ գործընթացը կարող է շատ ավելի երկար տևել, նույնիսկ տարիներ։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝ պաշտոնական Երևանը չի հակադրվում Բաքվի այդ օրակարգին, որովհետև պաշտոնական Երևան գոյություն չունի, այսինքն՝ Հայաստանը չի կառավարվում Հայաստանի շահերը պաշտպանելու տրամաբանությամբ։
«Ադրբեջանին պետք է, որ իր բոլոր պահանջները Հայաստանը վավերացնի պայմանագրով, այսինքն՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվի Արցախից․ այդպիսով Բաքուն կանցնի օրակարգի հաջորդ հարցերին։ Հայաստանը միակ պահանջը, որը կարող է ներկայացնել՝ տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջն է, մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի և ոչ մի պահանջ չի ընդունում։ Սա նշանակում է, որ հաջորդիվ Ադրբեջանը Սյունիքի հարցն է առաջ տանելու։ Պատահական չէ, որ Թուրքիայի առևտրի նախարարը երկու օր առաջ հայտարարել է, թե Սյունիքի հարցը բաց է»։
Ստեփան Դանիելյանի գնահատմամբ, եթե կնքվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, փաստաթղթով ամրագրվելու է, որ Հայաստանը հրաժարվում է Արցախից, Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելու հանձնառությունից։ Բաքուն, հիմնական համարվող փաստաթղթից դուրս թողնելով սահմանազատման-սահմանագծման հարցը, նպատակ ունի հետագայում լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ ռազմական ուժը։