25/12/2023 15:27
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման. ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը։
Նա նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության էթնիկ զտումների, ավելի է վտանգել հայկական մշակութային ժառանգությունը։
«Մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ավերման և ինքնության խեղաթյուրման պետական քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար: Իրավիճակի լրջությունը պահանջում է, որպեսզի միջազգային հանրությունը հրատապ ջանքեր գործադրի։ Այս առումով մենք աջակցում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է:
Հուսով ենք, որ հավաքական ջանքերի և մարդասիրության, խաղաղության և մշակութային ժառանգության պահպանման արժեքներին մեր անսասան նվիրումով կկարողանանք նշանակալից ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում վտանգված հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում»,- նշել է Գևորգյանը։