25/12/2023 11:29
«Իրավիճակը բարենպաստ է». Կալաշնիկովը՝ Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև ապագա հարաբերությունների զարգացման մասին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից և դրանցում Ռուսաստանի դերից։
«Հիմա, ինձ թվում է՝ Հայաստանին ու Ադրբեջանին իսկապես մեկ քայլ է մնացել՝ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ես այդպես կասեմ․ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել և արդյունքում հանգեցրել են ներկա իրավիճակին, ճիշտ են զարգացել։ Պետք է պայմանավորվեին միայն երեք տարածաշրջանային հարևանները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Ես միշտ խոսել եմ այդ մասին։ Ես երբեք առանձնապես չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի կոնտակտային խմբին, որտեղ համանախագահներ էին, բացի մեզանից, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Նրանք մատը մատին չեն խփել», - ասել է նա։
Կալաշնիկովն ընդգծել է, որ, ի վերջո, ամեն ինչ եկել է եռակողմ համաձայնության, թեև դրան կարելի էր հասնել առանց ռազմական գործողությունների։ Պատգամավորը վստահ է, որ Հայաստանին ձեռնտու է «բացվել» հենց հիմա, երբ երկիրը «զիջեց» Ղարաբաղը, և «հիմա սեղանին բռունցքով խփելը իմաստ չունի»։
«Պետք է դրանից առավելագույնը քաղել։ Դա վերաբերում է նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ բարիդրացիությանը։ Հայաստանն այլ սահմաններ չունի։ Ո՞ւր են փախչելու: Ժողովուրդը տաղանդավոր է: Խաղաղության պայմանագիրը, իհարկե, լավ բան է։ Բայց, օրինակ, մենք ճապոնացիների հետ դեռ նման բան չունենք, լավ, պետք չէ։ Թող այստեղ իրենք որոշեն։ Բայց արժե մտածել և ինչ-որ միջանցքներ պատրաստել, որոնք տնտեսապես շահավետ են, այդ թվում՝ հարևաններին: Նաև Ռուսաստանին է դա ձեռնտու, քանի որ մենք կարող ենք նրանց միջով միջանցք բացել դեպի հարավ, նույն Վրաստանի հետ պայմանավորվել։ Ի վերջո, ըստ իս, իրավիճակը բավականին բարենպաստ է», - նշել է Կալաշնիկովը։