25/12/2023 13:48
«Սա ուղերձ է հանրությանը՝ ձեզ խելոք պահեք, թե չէ Մալյանի նման կբանտարկվեք». Նարեկ Մալյանի հարցազրույցը՝ կալանավայրից. Aravot.am
Aravot.am-ը ներկայացնում է Նարեկ Մալյանի հարցազրույցը՝ կալանավայրից։
– Պարոն Մալյան, Հայաստանը վարչապետի շուրթերով ժողովրդավարության բաստիոն է հայտարարվել, բայց անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան քաղբանտարկյալներ չեն եղել: Դուք Ձեզ զգո՞ւմ եք ժողովրդավարության բաստիոնի, ժողովրդավարության միջնաբերդի բնակիչ:
– Այն, ինչ ընդունված է անվանել ժողովրդավար, իրականում լիբերալ ֆաշիզմ է: Այդ առումով, այո, կարելի է փաստել, որ Հայաստանը լիբերալ ֆաշիզմի դրսևորումներով, այսինքն՝ այլակարծության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականությամբ աշխարհում առաջատարներից է: Բռնությամբ հանրությանը պարտադրվող իշխանական նարատիվները չեն հանդուրժում որեւէ քննադատություն, իսկ քննադատների նկատմամբ կիրառվում է ճնշումների ողջ ներկապնակը՝ «մատից ծծած» քրգործերով բանտարկումներից մինչեւ ֆիզիկական ոչնչացում: Արմեն Գրիգորյանին սպանեցին հրապարակային՝ բոլորի աչքի առաջ: Այսպես կոչված ժողովրդավարության միջնաբերդերի գործառույթն այսօր իրականացնում են Երեւանի եւ Բաքվի բերդերը, ու նշված «բերդերի» բնակիչ-քաղբանտարկյալներն ամեն օր իրենց մաշկի վրա զգում են, թե ինչ է ժողովրդավարությունը Ալիև-Փաշինյան զույգի կատարմամբ: Ի դեպ, լիբերալ ֆաշիզմի խնդիրը համաշխարհային է, և այսօր աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ, պատերազմներ, ըստ էության, այդ դրսևորումների դեմ են: Լավ լուրն այն է, որ լիբերալ ֆաշիզմը, մեծ հաշվով, արդեն պարտված է, և մոտակա տարիներին աշխարհը վերջնականապես կթոթափի այդ կեղծավոր, արյունոտ, բռնությամբ զուգորդված ժամանակակից ստրկության լուծը: Ըստ իս՝ մյուս կարեւոր դիտարկումն այն է, որ լայնածավալ եւ լկտի ռեպրեսիաներն աշխարհի ցանկացած իշխանության համար սեփական աթոռը պահելու ամենավերջին գործիքն են: Ռեպրեսիան անվերադարձ գործընթաց է: Իշխանությունը կարող է սկզբնական շրջանում խաղալ ժողովրդավարություն, ձևացնել, թե հարգում է իր երկրում բազմակարծությունը, բայց հերիք է ընդամենը մեկ անգամ դիմի ռեպրեսիաների, ու այլևս երբեք հետվերադարձ չի կարող լինել՝ թեկուզ ձևական ժողովրդավարական ռեժիմին: Քանի որ ռեպրեսիոն վիճակը, ինչպես արդեն նշեցի, բռնապետերի վերջին գործիքն է, դրան անխուսափելիորեն հաջորդում է իշխանության կորուստը: Այդպես եղել է և կլինի միշտ՝ առանց որևէ բացառության: Բացահայտված բռնապետերն իրենց իշխանությունը կարող են ժամանակավորապես երկարացնել նավթի պաշարների կամ միջուկային զենքի հաշվին, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանի Հանրապետությունը չունի: Հետևությունները թողնում եմ ընթերցողին:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդքան մարդկանց ձերբակալում, փակում կալանավայրերում, ո՞րն է պատճառը: Օրինակ, ի՞նչ վտանգ են զգացել իշխանությունները Ձեզ հետ կապված:
– Իշխանական բռնաճնշումները եղել են բոլոր ժամանակներում՝ սկսած իսպանական ինկվիզիցիայից մինչև լիբերալ ֆաշիզմ: Բոլոր ժամանակներում բռնաճնշումների նպատակը մեկն է եղել՝ իշխանության կողմից հռչակված միակ ճիշտ «կրոնը» բռնությամբ պարտադրել հպատակներին: Բռնաճնշումների կարճաժամկետ նպատակները երեքն են: Առաջին՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր խոսում են իշխանական միակ «ճշմարտության» դեմ կամ կասկածի տակ են առնում այդ միակ «կրոնի» ճշմարտացիությունը: Երկրորդ՝ պատժել այն մարդկանց, ովքեր իրենց գործողություններով կամ խոսքով համարձակվել են դեմ դուրս գալ իշխանական «ճշմարտությանը» և վնաս են հասցրել իշխանական քարոզչության պարտադրված գծին: Երրորդ՝ վախ տարածել հանրության մեջ՝ նպատակ ունենալով վախի միջոցով կանխելու այլակարծության օջախների առաջացումը և հպատակներին պահելու միակ «ճիշտ» քարոզչական գծի մեջ: Կոնկրետ իմ օրինակում առկա են բոլոր երեք նպատակները: Ինձ պատժում են, քանի որ ահռելի վնաս եմ հասցրել ՀՀ-ում ադրբեջանաթուրքական հեղափոխության միջոցով իշխանությունը զավթած լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցին: Ինձ փորձում են լռեցնել՝ բանտարկելով, մեկուսացնելով հասարակությունից, արգելելով տեսակցություններս, հեռախոսազանգերս եւ ամեն տեսակի կապ արտաքին աշխարհի հետ: Եվ երրորդ՝ իմ օրինակով փորձում են վախ ներշնչել հանրության շրջանում: Չէ՞ որ բոլորը տեսնում են, որ իմ քրգործում չկա տուժող, չկա վկա, չկա հետևանք, չկա գեթ մեկ ապացույց, կա միայն մեկ բան՝ Մալյան Նարեկին բանտարկելու մեծ ցանկություն: Բռնապետերից մեկն ասում էր՝ կա մարդ, կգտնենք քրեական հոդվածը: Սա ուղերձ է հանրությանը՝ ձեզ խելոք պահեք, թե չէ Մալյանի նման կբանտարկվեք:
Ամբողջական հոդվածն՝ այստեղ։