25/12/2023 16:35
«Դարդս խորն է, ո՞ւմ պատմեմ, ի՞նչ լեզվով, չգիտեմ». անողոք կրակը խլեց որդուն ու թոռանը
«Դարդս խորն է, ո՞ւմ պատմեմ, ի՞նչ լեզվով, չգիտեմ». MediaHub-ի զրուցակիցը ստեփանակերտցի Աբովեն Ջամալյանն է։
74-ամյա տղամարդը բռնի տեղահանությունից հետո դստեր՝ Լուսինեի ընտանիքի հետ ապրում է Հայանիստ գյուղում։ Հարցնում ենք մտահոգության մասին, չգիտի՝ որտեղից սկսի։ Մի ամբողջ կյանք ապրել է Արցախում, կապվել հայրենի հող ու ջրին, հիմա ստիպված լքել ու տեղափոխվել է Հայաստան, առանց որևէ բան բերելու. «Տղաս՝ Մարատը, զինծառայող էր, մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ Վերջին շրջանում կենտրոնական շտաբում էր։ Երբ պատերազմը սկսվեց, Մարատի ընտանիքի հետ միասին էինք, ու ամենաշատն իր մասին ենք մտածել, մի բան չլինի էրեխուս»։
Աբովենի կինն ու կրտսեր որդին մահացել են տարիներ առաջ։ Իր մասին հոգ էր տանում Մարատի ընտանիքը։ Պատերազմի ավարտից հետո Ջամալյանների ընտանիքը ևս հարկադրված էր գաղթելու, մինչ այդ՝ պետք էր իրերը հավաքել։
«Բոլորը դասավորեցինք, ինչ անհրաժեշտ էր տեղավորեցինք Մարատի մեքենայում և նստեցինք սեղանի շուրջ, որ տանս վերջին անգամ ընտանիքի ամբողջ կազմով հաց ուտեինք։ Նաև մեր բարեկամի զանգին էինք սպասում, որ վառելիք պետք է հասցներ»,-պատմում է արցախցի Աբովենը։ Կեսօրին ճաշի սեղանից բացակա էր Մարատի 18-ամյա որդին՝ Էրիկը, ով առավոտից լցակայաններում բենզինի հերթ էր պահում։ «Զանգեցի, ասացի՝ «Էրիկ, մատաղ լինեմ քեզ, արի հաց կեր, էլի կգնաս», ասաց՝ «պապի, սոված չեմ, դուք անուշ արեք, մի քիչ հետո կգամ, շուտով վառելիքը կհասցնեն լցակայաններ»»,- պատմում է նա։
Ճաշից հետո՝ Աբո պապիկի խնդրանքով, ընտանիքն առանց Էրիկի գնացել է գերեզմաններ, հրաժեշտ տալու սիրելի որդու և կնոջ շիրիմներին. «Մի բուռ հող եմ բերել, որ կարոտս առնեմ»,- ասում է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։