26/12/2023 18:59
Պարոն Արեյան, բարև Ձեզ. ո՞նց եք. Հայկ Մարությանը քաղաքապետարանում էր
Երևանի քաղաքի բյուջեի քննարկմանն այսօր առաջին անգամ ավագանու նիստին էր ներկայացել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ավագանու հարգելի անդամներ, գործադիրի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի երեւանցիներ, պարոն Արեյան, ո՞նց եք, նորմալ ա ամեն ինչ։
Վերջին անգամ այս դահլիճում ելույթ եմ ունեցել երկու տարի առաջ։ Եթե հիշում եք, երկու տարի առաջ մոտավորապես այս օրերին ՔՊ-ականները այս դահլիճում, իրենց սիրած բառով ասած, մի աննախադեպ բան արեցին՝ իմպիչմենթի ենթարկեցին ընտրված քաղաքապետին՝ առանց որեւէ հիմնավոր մեղադրանքի։ Ինչեւէ, դրա մասին շատ է խոսվել։ Էականն այն է, թե ինչ կորցրեց կամ ինչ շահեց Երեւանը այդ «աննախադեպ» գործողությունից հետո՝ այս երկու տարիներին, երբ փոխվել են երեք նոմինալ քաղաքապետեր, տասնյակ թաղապետեր ու այլ կարեւոր պաշտոնյաներ։
Ի՞նչ սկզբունքային առավելություն ստացավ մեր քաղաքը, որ չուներ մինչ այդ։ Ի՞նչ խոշոր պրոյեկտ սկսեց կամ ավարտվեց, որը մինչ այդ տեղի չէր ունենում։ Պատասխանը շատ պարզ է՝ ոչ մի։ Հակառակը՝ քաղաքային կառավարումը դրանից հետո մտավ չհիմնավորված քաղաքական ճգնաժամի մեջ, որից չի կարողանում դուրս գալ մինչեւ հիմա։ Մի շարք պրոյեկտներ, որոնք պետք է արդեն ավարտին հասցված լինեին, այս վայրիվերումների պատճառով առկախվեցին ու դոփում են տեղում։ Պարզ օրինակ՝ օրերս քաղաքապետարանի լրատվականը հայտնեց, որ վերջապես տեղ են հասել վճարման տերմինալները, որոնք հնարավորություն կտան անկանխիկ վճարում կատարել տրանսպորտում։ Մի ռեֆորմ, որը արդեն գրեթե պատրաստ էր գործարկման 2021-ի դեկտեմբերին, բայց չգիտես ինչու հետաձգվեց առնվազն երկու տարով։ Կամ՝ թափոնների տեսակավորման, խոշոր թափոնների ինչպես նաև վտանգավոր թափոնների հավաքագրման և ուտիլիզացիայի գործընթացը, որը կարծես ընդհանրապես կանգ է առել, շների չիպավորման պրոցեսը ընդհանրապես մոռացվել է, և այդպես շարունակ։
Այսօր քննարկում ենք քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ բյուջեի նախագիծը։ Որպեսզի երեւանցիներին շատ չծանրաբեռնեմ թվերով, միայն ասեմ, որ բյուջեի եկամուտները գալիք տարվա համար նախատեսված են 124 միլիարդ դրամ։ Բյուջեյի եկամտային մասը աճել է, հիմնականում մեր վճարած բարձր գույքահարկերի հաշվին: Եվ դրա հետ մեկտեղ, տարատեսակ ճոխությունների վրա այս նոր իշխանության արած ծախսերը ավելացել են անգամներով, իսկ երբեմն՝ տասնապատիկ անգամներով։
Օրինակ։ Քանի որ հիմա ամանորի նախաշեմին ենք, ամանորյա ծախսերից խոսենք։ Կհիշե՞ք՝ մի քանի տարի առաջ տոնածառ էինք գնել 74 միլիոն դրամով։ Ինչքան քննադատություն եղավ, որ դա ավելորդ ճոխություն է։ Այն դեպքում, երբ այդ ծախսն արել էինք պատերազմից, կովիդից ու Արցախի կատաստրոֆայից առաջ՝ անհոգ ժամանակներում, ու այդ տոնածառը մինչեւ հիմա զարդարում է քաղաքը՝ արդեն հինգ տարի ու դեռ հանգիստ մի քանի տարի էլ կծառայի։ Մինչդեռ այս տարի, օրինակ, միա՛յն տոնածառի լույսերի վառման արարողության վրա ծախսվել է ուշադրություն՝ 89 միլիոն դրամ։ Այսինքն, դա մնայուն ծախս չի, մեկանգամյա էֆեկտ ունի։ Համեմատության համար հիշեցնենք, որ 2018-ին ընդամենը 54 միլիոն դրամով մենք արել ենք 3 միջոցառում` այդ նույն լույսերի վառման արարողությունը, Նոր տարվա գիշերվա համերգը եւ հունվարի 6-ին սուրբծննդյան համերգ՝ Հանրապետության հրապարակում։ Կարող եք դիտել այնն ժամանակվա տեսանյութերն ու համոզվել, որ ճոխությամբ ու ճաշակով այդ միջոցառումները չէին զիջում այս տարվան։ Ուրեմն, ի՞նչ է փոխվել, որ ավելի փոքր ծավալի միջոցառումը հիմա կազմակերպում են ավելի շատ փողով։ Կամ, ինչպես հայտնի ռեկլամում էր ասվում՝ ինչո՞ւ ավելի թանկ վճարել, եթե արդյունքը նույնն է։
Առավելեւս, ա՛յն դեպքում, երբ մենք այս տարի մեր պատմության մեծագույն ողբերգություններից մեկն ենք տեսել, երբ երկրում ունենք հարյուր հազարավոր արցախցի փախստականներ, որոնց հարցերը դեռ հեռու են լուծված լինելուց։ Էլ չասած՝ հարցի բարոյական կողմը, թե ինչն ենք մենք ի վերջո տոնում այս բուռն տոնակատարություններով ու ճոխ հրավառություններով, ո՞ր մի հաջողությունը, ո՞ր մի հաղթանակը»,-հայտարարեց Հայկ Մարությանը։