27/12/2023 23:15
Ինչպե՞ս բուժել կեղծ հոդերը
Կոտրված կամ հիվանդությունների հետևանքով քայքայված ոսկրերի ծայրերի միջև սերտաճման կայուն բացակայությունը կոչվում է կեղծ հոդ:
Կոտրվածքը կարող է չսերտաճել ոսկրաբեկորների միջև մկան կամ այլ հյուսվածք ընկնելիս, դրանց մեծ տեղաշարժի, ոսկորի մեծ հատվածի կորստի, ինչպես նաև ոսկրաբեկորների արյունամատակարարման խանգարումների ժամանակ: Ավելի հաճախ կեղծ հոդ առաջանում է սրունքի վրա` դրա 2 ոսկրերի կոտրվածքից հետո: Կեղծ հոդը /հազվադեպ լինում է նաև բնածին` գոյանում է պտղի ոսկրի սաղմնային արատի տեղում: Ժամանակի ընթացքում կեղծ հոդի տեղում կարող է ձևավորվել իսկական հոդի նմանակը` բեկորների ծայրերում աճառի զարգացմամբ, որը շրջապատված է հոդային ձուսպահեղուկ պարունակող սպիական հոդապատյանով:
Հիմնական ախտանշաններն են` վերջույթի ֆունկցիայի խանգարումը (ձեռքն աշխատացնելու, ոտքի վրա կանգնելու անհնարինությունը), կեղծ հոդի շրջանում ցավերը, սրունքի, ազդրի կեղծ հոդի մակարդակի վրա ոչ բնականոն շարժողունակությունը:
Բուժման hիմնական մեթոդը վիրաբուժական միջամտությունն է, որի օգնությամբ բեկորներն ամուր կպչում են և սերտաճում: Վիրահատության տեսակը կախված է կեղծ հոդի ձևից, բնույթից, վարակի առկայությունից կամ բացակայությունից: Լայնորեն կիրառվում են պլաստիկ վիրահատությունները` հիվանդի սեփական ոսկորի փոխպատվաստումը, ինչպես նաև ոսկրաբեկորների միացումը մետաղե կամ պլաստմասսայե կառուցվածքներով, որոնք երբեմն հյուսվածքներում մնում են ընդմիշտ, մյուսները հեռացվում են ոսկրի սերտաճումից և կեղծ հոդի վերացումից հետո:
Բուժելիս լայնորեն օգտագործում են նորագույն բժշկական սարքեր, որոնք հնարավորություն են տալիս ոսկրաբեկորները հպել իրար` դրանք արագ սերտաճեցնելու և միաժամանակ ծայրանդամի կարճացումը կանխելու նպատակով:
Այդպիսի սարքերի շնորհիվ հիվանդը կարող է քայլել` հենվելով հիվանդ ոտքին` վիրահատությունից հետո հենց առաջին օրերին: Վիրահատական բուժման ելքը, որպես կանոն, բարեհաջող է, որը, սակայն, մեծ համբերություն և հաստատակամություն է պահանջում, քանի որ հետվիրահատական բուժումը սովորաբար երկարատև է (1 տարի և ավելի):
Որոշ դեպքերում, երբ կեղծ հոդը ցավ չի պատճառում և քիչ է խանգարում ֆունկցիային (դա հիմնականում հնարավոր է նախաբազկի ոսկրերի կեղծ հոդի ժամանակ), ինչպես նաև, եթե վիրահատությունը որևէ պատճառով հակացուցված է, խորհուրդ է տրվում կրել օրթոպեդիական սարքեր:
Հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է բուժման ժամանակ խստորեն կատարել բժշկի նշանակումները: Հատկապես անթույլատրելի է ինքնուրույն, ժամանակից շուտ գիպսակապը հանելը, եթե հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվել` տանը բուժումն ավարտելու նպատակով:
Կոտրվածքներից հետո 2-3% դեպքերում, երբ ոսկրային բեկորները պատշաճ չեն միաձուլվում ու սերտաճում, առաջանում են կեղծ հոդեր:
Անկախ վիրահատության տեսակից, հիվանդները ստանում են նաև կոնսերվատիվ բուժում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ