27/12/2023 17:06
Մեր հայրենիքի մասին երգեր չենք հորինելու, երգերով չենք ապրելու, հայը պետք է վերադառնա Արցախ. Դավիթ Գալստյան
Նորաստեղծ «Արդարություն և Վերադարձ» ՀԿ-ն առաջին հերթին զբաղվելու է նրանով, որ արցախցիները մնան Հայաստանում, չլքեն այն, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր, նորաստեղծ ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Գալստյանը։
Նա նշեց, որ պետք է ջանքեր գործադրեն՝ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական բեռը ինչ-որ չափով թեթևացնելով՝ նպաստելու, որ նրանք մնան ՀՀ-ում, ապա առօրյա աշխատանքով կփորձեն քայլեր ձեռնարկել նաև հայրենի Արցախ վերադառնալու համար։
«Պետք է հստակ աշխատանք տարվի ոչ միայն լոկ խոսքերով, այլ աշխատանքով, որ մենք մի օր վերադառնալու ենք մեր հայրենիք։ Եվ մենք մեր հայրենիքի այս կամ այն հատվածների մասին երգեր չենք հորինելու, երգերով չենք ապրելու, մենք փորձելու ենք և անելու ենք մեզանից կախված ամեն ինչ, որ հայը վերադառնա Արցախ, Արցախը պետք է պահենք հայկական»,-ասաց Գալստյանը՝ հավելելով, որ իրենց ճանապարհին կան խոչընդոտներ, բայց պետք է հաղթահարել դրանք։