27/12/2023 18:03
Արցախի իշխանությունները պիտի հայտարարեն, որ չեղարկում են հրամանագիրն ու պայքարելու են մինչև վերջ. Թևան Պողոսյան
Իշխանությունը ոչ թե Սամվել Շահրամանյանի դեմ է արշավ սկսել, այլ՝ հայ ժողովրդի։ Երբ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող, իսկ եթե դա հայ ժողովրդի պահա՞նջն է. չէ՞ որ բոլոր հարցումները ցույց են տալիս՝ հայ ժողովուրդն Արցախը չի պատկերացնում Ադրբեջանի կազմում, հիմա էլ որ պարզվի՝ մեծամասնությունը կողմ է, որ Արցախի ինստիտուտները պահպանվեն, ի՞նչ է անելու Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը,-Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Իշխանությունը թիրախավորել է Շահրամանյանին, որովհետև իրենց այդպես հեշտ է, բայց գլխավոր նպատակը Արցախի փրկության գաղափարը ոչնչացնելն է, իրենք Արցախ անունը չեն ուզում լսել, Շահրամանյանին իբրև Արցախի նախագահի են թիրախավորում. սիմվոլիզմի դեմ է իրենց պայքարը։
Ես գիտեմ, որ մտահոգ մարդիկ գնում են Արցախի ներկայացուցչություն, զրուցում են, հորդորում են. մարդիկ անում են այնքան, որքան կարող են անել, փորձում են։ Այլ հարց է, որ այդ ամբողջը պիտի համակարգված լիներ, խոսք պիտի ասեին Սփյուռքի կուսակցությունները, ինստիտուտները, Հայ առաքելական եկեղեցին, որովհետև մյուս կողմում անսպառ ռեսուրսներ ունեցող իշխանությունն է, որն առանձին մարդկանց ճնշում է բերետավորներով, մյուսներին՝ կալանավորելով, կեղծ պարսավանքի արշավով»։
Թևան Պողոսյանն ընդգծում է՝ Արցախի իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր, դատական, միասնաբար պիտի հայտարարեն, որ չեղարկում են այդ պայմանագիրն ու պայքարելու են մինչև վերջ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ իշխանությունը հերթական պարտությանն է տանում հայ ժողովրդին։ «Քանի-քանի անգամ ենք ասել, որ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, պարտված բանակցողին բանակցային սեղանի շուրջ ծեծելու են՝ առանց շունչ քաշելու հնարավորություն տալու։
Ալիևը գրիչը դրել է պարտված բանակցողի՝ Փաշինյանի ձեռքում. հիմա Արցախի լուծարում են պահանջում, վաղն այսպես կոչված անկլավներն են պահանջելու, հետո պահանջելու են Երևանն անվանափոխել»։