27/12/2023 17:52
Դավիթ Գալստյանը համաձայն չէ, որ Արցախի խորհրդարանի ուժերով չեն կարող արցախցու ձայնը բարձրացնել
«Այնպես չէ, որ ՀԿ ստեղծելով՝ մենք դադարեցնում ենք այն պարտականություններն ու լիազորությունները, որոնցով Արցախի քաղաքացիները մեզ օժտել են։ Սրանք զուգահեռ պրոցեսներ են, մեկը մեկին օգնելու է, ոչ թե խանգարելու»,- «Արդարություն և Վերադարձ» ՀԿ-ի հիմնադրման ասուլիսին հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր, նորաստեղծ ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ խորհրդարանական ուժերով չեն կարողանում արցախցու ձայնը բարձրացնել, փոխարենը ՀԿ-ի միջոցով են փորձում դա անել։
«ՀԿ-ները կարող են սոցիալական հարցեր բարձրացնել այն դեպքում, երբ խորհրդարանի ներկայացուցիչները հիմնականում քաղաքական դաշտում են։ Սա հասարակության լայն շրջանակներ միավորելու փորձ է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք։ Հասարական դաշտում շատ ավելի հեշտ է միավորել հասարակության լայն շերտերին, քան քաղաքական դաշտում»,-ասաց Գալստյանը։
Նա նշեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրավիրած խորհրդակցություններին մասնակցում են, դրանք անարդյունք չեն։
«Արցախի ԱԺ-ն թեև չունի որևէ լծակ՝ ազդելու հայրենակիցների սոցիալական բեռը թեթևացնելուն, բայց գործում է, իր ճանապարհով գնում է։ ՀՀ իշխանություններն իրենց վրա են վերցրել այդ սոցիալական բեռը թեթևացնելը։ Ցավոք, արցախցիները զերծ են պետական մակարդակով այդ ծրագրերի մշակմանն ու կյանքի կոչմանը մասնակցելուց»,-ասաց Գալստյանը։
Իսկ թե երբ Արցախի խորհրդարանը հստակ կոչով ու կարծիքով հանդես կգա, պատգամավորը պատասխանեց. «Երբ միասնական դիրքորոշման գան։ Դիրքորոշումը նույնն է, ճանապարհներն են տարբեր, քննարկման և անկյունները հարթացման ճանապարհներ կան»,-ասաց նա։