27/12/2023 14:23
Ինչ տեսք ունեն ամանորյա Երևանը և Թբիլիսին, և որքան գումար է ծախսվել տոնական զարդարանքի և միջոցառումների համար (Տեսանյութ)
Aysor.am-ը ներկայացնում է, թե ինչ տեսք ունեն ամանորյա Երևանը և Թբիլիսին, և որքան գումար է ծախսվել հարևան երկրի մայրաքաղաքում ամանորյա զարդարանքի, լուսավորության և տոնական համերգներ կազմակերպելու համար։
Երևանի քաղաքապետարանը 2024 թվականի նախաշեմին ամանորյա տոնակատարությունների համար ծախսել է 419,5 միլիոն դրամ (շուրջ 1 մլն դոլար)։ Ըստ քաղաքապետարանի՝ սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպումն արժեցել է 226,5 միլիոն դրամ, տոնածառի լույսերի վառման արարողությունը՝ 89 միլիոն դրամ, Հանրապետության հրապարակի շատրվանի զարդարումը՝ 79 միլիոն դրամ, 7 համերգային ծրագրերը՝ մոտ 25 միլիոն դրամ։
Նշենք նաև, որ հայտարարվել էր, որ Երևանի քաղաքապետարանը նոր ծախսեր չի արել և այս տարի ամանորյա Երևանը ձևավորվել է նախորդ տարվա գեղարվեստական լույսերով ու դեկորներով։ Նախորդ տարի Ամանորի տոնակատարությունների, տոնական լույսերի ու զարդարանքի վրա ծախսվել է ավելի քան 800-830 մլն դրամ կամ՝ 2-2.1 մլն դոլար։
Այս տարի Թբիլիսիի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար ծախսել է ավելի քան 6,5 մլն լարի (շուրջ 2,4 մլն դոլար)։ Միայն խորհրդարանի նոր գլխավոր տոնածառն արժեցել է 720 հազար լարի (մոտ 268 հազար դոլար):
Նշվում է, որ մայրաքաղաքում տոնակատարությունների մեկնարկը համընկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հետ։ Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի խորհրդարանի մոտ տեղադրված տոնածառը զարդարվել է եվրոպական դրոշի 12 ոսկե աստղերով, իսկ Ազատության հրապարակի հուշարձանը զարդարվել է «Թբիլիսին եվրոպական քաղաք է» փայլփլուն մակագրությամբ։