27/12/2023 10:07
Արցախի հարցը մնացել է ՀՀ ու Ադրբեջանի իշխանությունների կոկորդում, ձերբազատվելու համար համատեղ շանտաժի լեզվով են խոսում
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի էջը կարկատելու և թեման վերջնական օրակարգից հանելու համար Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ընթացող բանակցություններում նախ դուրս բերեց Արցախին վերաբերող դրույթը, իսկ 21-23 թվականների ընթացքում փուլերով իրականացրած ագրեսիայից հետո էլ, իրեն ապահովագրելու համար խորհրդարանի մակարդակով առաջ է հրում, այսպես կոչված, ադրբեջանցիների` ՀՀ վերադարձի իրավունքը:
Սրան զուգահեռ, նույն 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանը մի քանի հարձակում է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ և շուրջ 200 քառակուսի կմ տարածք օկուպացնում:
Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայ ժողովրդին համոզել, որ Արցախի նախագահի հայտնի հրամանագրի չեղարկումը կարող է ադրբեջանական ագրեսիայի հանգեցնել:
Ադրբեջանը վերջին 3 տարիների ընթացքում ինչ ուզել, ինչպես ուզել է ՀՀ իշխանության հետ վարվել է` պատերազմ սանձազերծել, պայմանավորվածություն խախտել, ստել, «ֆռցրել», դարձրել «տրյապկա»:
Միայն ամենաանտեղյակներին կամ դդումներին կարող է թվալ, որ եթե Ադրբեջանը նպատակ է դրել Հայաստանից կրկին ինչ-որ բան խլել, առիթ չի գտնի:
Արցախի հարցը մնացել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կոկորդում և դրանից ձերբազատվելու համար համատեղ շանտաժի ու սպառնալիքի լեզվով են խոսում:
Հայտնի հրամանագիրը «մարսելուց» հետո, նույն կերպ վարվելու են ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ` բավարարելու Ադրբեջանի տարածքային և քաղաքական հավակնությունների ողջ սպասելիքը»: