27/12/2023 22:46
Նավուրում դանակահարություն է տեղի ունեցել
Դեկտեմբերի 23-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Բերդ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ: Ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ Նավուր գյուղի հին գերեզմանատանը սայթաքել և ընկել է սրածայր ճաղավանդակների վրա:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի և ՊՊԳՎ Իջևանի բաժնի Տավուշի դասակի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդուն դանակահարել էր Նավուր գյուղի 47-ամյա բնակիչը: Նա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: 47-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են: