27/12/2023 13:53
Մոսկվայի և Երևանի փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում կառուցված է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա. Զախարովա
Ռուսաստանի փոխգործակցությունը հայկական կողմի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում կառուցված է փոխշահավետ հիմքի վրա, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պարզաբանելով, թե արդյոք Մոսկվան մտահոգություններ ունի ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության հետ կապված՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում պարբերաբար առաջացող լարվածությունը։
«Տարեցտարի նկատվում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր, մենք տեսնում ենք, որ Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում միությանը մասնակցությունից՝ չնայած հանրապետության ներկայացուցիչների կողմից ձեր նշած որոշ վիճահարույց հայտարարություններին։ Հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մնացած երկրների հետ մենք կառուցում ենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն»,- ասել է ռուս դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից կանցնի Հայաստանին։
«Այդ երկրի վարչապետը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց, որ Երևանը կենտրոնացած է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ի շրջանակներում առաջադրանքների համակարգված իրականացման վրա: Մենք սատարում ենք այս մոտեցմանը»,- ամփոփել է Զախարովան։